Սպասվող լրահոս. 08.07.2016
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով Ռուսաստանում է: Սանկտ Պետերբուրգում այսօր` հուլիսի 8-ին, կայանալու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Այսօր կայանալու է «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների ներկայացուցչական հավաքը: Ելույթներով հանդես են գալու Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, մարզային կառույցների, ՀՀ տնտեսության ոլորտի ներկայացուցիչներ:
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան: Օլիմպիադայի ազգային փուլը կազմակերպվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում հաղթած թիմը նոյեմբերին կմեկնի Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին։ Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում է «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։
Անցկացվում է «Երեխաների այլընտրանքային խնամքի տարբերակները ՀՀ-ում. ընթացիկ բարեփոխումներ» թեմայով քննարկում: Իրականացվող բարեփոխումների մասին տեղեկատվություն կներկայացնի ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանը, խնդիրներին կանդրադառնան այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ինչպե՞ս է ամառային շոգն ազդում սրտանոթային համակարգի և մաշկի վրա: Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը և սրտաբան Գոհար Մարտիրոսյանը կներկայացնեն խորհուրդներ երկրից մեկնողներին ու հանգստի պատրաստվողներին:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի պաշտոնական բացումը: Փառատոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ կազմակերպել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Իրանի «Մանուկ և խաղաղություն» ինստիտուտը:
ՀՀ մշակույթի նախարարության Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կներկայացվի Մոսկվայից գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի՝ «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: