Մանկական բեսթսելեր 4/6. Սիլվա Կապուտիկյանը նորից գլխավորում է վարկանիշային աղյուսակը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա հունիս ամսվա ցուցանիշները:
Հ ունիսին առաջատարը կրկին «Փոքրիկ Արա, ականջ արա» գիրքն է: Սիլվա Կապուտիկյանի մանկական բանաստեղծությունները տասնամյակներ շարունակ եղել են ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողի ուղեկիցները, բազմահազար մանուկների հոգում սերմանել բարին, վեհն ու գեղեցիկը:
«Էդիթ Պրինտի» մանկական «Արև, արև, եկ, եկ» բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչ հայ մանկագիրների գործերը, երկրորդ հորիզոնականում է:
«Հայ ժողովրդական առակներ» ժողովածուն երրորդն է: Ժողովածուում ընդգրկվել են դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են, առակատիպ ժողովրդական զրույցներ, հեքիաթատիպ առակներ:
Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները» չորրորդ տեղում է: Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ ու խաբեբայությամբ զբաղվել, անազնիվ չի կարելի լինել: Չի կարելի նաև թռչուններին ու կենդանիներին պարսատիկով հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբյուրի ակունքը աղտոտել... Ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:
«Սասնա տուն» գիրքը հինգերորդ տեղում է: Հայ ժողովրդական դյուցազնավեպի Մկրտիչ Խերանյանի պատումը մանուկների համար համառոտ վերապատմել են Անժել Քյուրքչյանը և Լիլիթ Տեր-Գրիգորյանը: Այն վերահրատարակել է«Էդիթ Պրինտ»-ը:
Իսկ Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» այս ամիս վեցերորդ հորիզոնականում է: Համաշխարհային այս բեսթսելերը մշտապես մեծ պահանջարկ ունի տարբեր երկրներում: Հայաստանում՝ ևս:
Ռուսական հայտնի ու սիրված հեքիաթներից մեկը՝ «Ով է ապրում տնակում»-ը յոթերորդ տեղում է:
Ութերորդը Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրված բոլորի կողմից: Գիրքը հրատարակել է «Բուկինիստ»-ը:
Կոռնեյ Չուկովսկու «Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ» հեքիաթը նույնպես ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Այն զբաղեցնում է իններորդ հորիզոնականը:Գիրքը հրատարակել է դարձյալ «Բուկինիստ»-ը:
«Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Բուկինիստ»-ի «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում, որը եզրափակում է վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | ![]() |
Սիլվա Կապուտիկյան «Փոքրիկ Արա, ականջ արա» |
Էդիթ Պրինտ | 67 |
| 2 | ![]() |
«Արև, արև, եկ, եկ» | Էդիթ Պրինտ | 62 |
| 3 | ![]() |
«Հայ ժողովրդական առակներ» | Էդիթ Պրինտ | 26 |
| 4 | ![]() |
Ռուբեն Մարուխյան «Չիկարելիի արկածները» |
Էդիթ Պրինտ | 23 |
| 5 | ![]() |
«Սասնա տուն» | Էդիթ Պրինտ | 21 |
| 6 | ![]() |
Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 17 |
| 7 | ![]() |
«Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 9 |
| 8 | ![]() |
Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» |
Բուկինիստ | 8 |
| 9 | ![]() |
Կորնեյ Չուկովսկի «Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ» |
Բուկինիստ | 7 |
| 10 | ![]() |
«Հեքիաթներ տղաների համար» | Բուկինիստ | 7 |
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Լուսինե Ղազարյանը









