Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 06.07.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 06.07.2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հուլիսի 6-ին, կայանալու է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացումը: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Հանրապետությունում ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգը: Ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ խնդիրներ է լուծելու: Այս և այլ հարցերին են անդրադառնալու ՀՀ ԱՆ կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և Հավաստագրման կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը։

Օրվա առողջապահական թեման կշարունակի ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը: Նա կխոսի շոգ եղանակով պայմանավորված ինֆեկցիոն վիճակի մասին:

Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում են նախագծերի կառավարման դասընթացի 1-ին և 2-րդ փուլերի մեկնարկը: Դասընթացից առաջ՝ հուլիսի 6-ին՝ կլինի տեղեկատվական հանդիպում, որի մուտքն ազատ է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են դասընթացով, ունեն հարցեր և կողմնորոշվելու կարիք:

Այսօր տեղի է ունենալու ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. «Սփյուռք» ամառային ամենամյա դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ-ի հետ համատեղ: Ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Միջոցառման ավարտին տեղի կունենա համերգ, որը կազմակերպել է ԵՊՀ մշակույթի կենտրոնը:

Երևանում կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում հնչեցին հայտարարություններ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և սիրիական ճգնաժամի վերաբերյալ: ՀՀԿ-ական պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանն ու Արտակ Դավթյանն անդրադառնալու են նիստին հնչած հայտարարություններին:

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա նոր զարգացումներին է անդրադառնալու թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, իսկ Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպման մասին էլ խոսելու է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի տունը կիսավեր վիճակում է: Տարիներ շարունակ վթարային համարվող շենքի տանիքը, հատակն ու միջհարկային ծածկը քանդված են, ներսը հանրության կողմից օգտագործվում է որպես զուգարան և աղբանոց: «Գրադարան» նախաձեռնության անդամներ Ռադիկ Կարապետյանը և Արմինե Քթոյանը խնդրի առնչությամբ ցանկանում են բաց նամակով դիմել ՀՀ նախագահին, մշակույթի նախարարին, Երևանի քաղաքապետին, «Հին Երևան» նախագծի պատասխանատուներին:

Մշակութային անցուդարձից, այսօր կայանալու է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների մամուլի ասուլիսը: Ներկայացվելու են «Ոսկե ծիրան»-ի և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համատեղ ծրագրերը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում