4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` հուլիսի 1-ին, Սևանում տեղի կունենա ամառային լողաշրջանի հանդիսավոր բացումը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը կներկայացնի ջրափրկարարական աշխատանքների համար նախատեսված գույքն ու հանդերձանքը: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ անվտանգության ու լողամիջոցների շահագործման կանոններին, ինչպես նաև ջրահեղձման ժամանակ ձեռնարկվող առաջին օգնության հմտություններին:
Արզնի օդանավակայանի տարածքում կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը, որն իրականացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում, հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել ու խրախուսել տաղանդավոր հայ դպրոցականներին ու երիտասարդներին, ովքեր կարող են մեծ ավանդ ունենալ ՀՀ անվտանգության ու տեխնոլոգիական զարգացման գործում:
Թուրք-ռուսական և թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր ընթացք է ստանում: Ի՞նչ ազդեցություն կունենա այդ գործընթացը սիրիական, տարածաշրջանային այլ զարգացումների վրա: Թուրքագետ Լևոն Հովսեփյանն ու արաբագետ Արմեն Պետրոսյանը կներկայացնեն իրենց վերլուծությունները:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ն ամփոփում է իր գործունեության 15 տարին: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը կանդրադառնա տեղեկատվության ազատության խնդիրներին, պետական գերատեսչությունների արձագանքին ու կներկայացնի վիճակագրություն:
Ի՞նչ վարկանիշով են քաղաքական կուսակցությունները պատրաստվում առաջիկա ընտրություններին: «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը կներկայացնի իրականացրած սոցհարցումների արդյունքները:
Ակնաբուժության արդի խնդիրները հայ և արտասահմանցի մասնագետների ուշադրության կենտրոնում: Երևանում անցկացվում է միջազգային ակնաբուժական համաժողով՝ «Բժշկական կրթության, հիվանդների խնամքի եւ բուժման նոր ուղիներ» թեմայով:
Առողջապահական թեման կշարունակեն բժիշկ-դիետոլոգներն ու քնաբանները: Ինչպե՞ս գրագետ կազմակերպել արձակուրդն առանց առողջությունը վնասելու: Այս հացն է լինելու մասնագետների` քնաբան, նյարդաբան Սամսոն Խաչատրյանի և բժիշկ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանի քննարկման առանցքում:
Հուլիսի 3-ը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է՝ Վարդավառը: Օրվան ընդառաջ Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը և Արարատ երիտասարդական միության անդամ Տաթև Զախարյանը կխոսեն տոնի խորհրդի, մոռացված ու սիրված ժողովրդական ծեսերի և ավանդույթների մասին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: