3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունները կկնքեն համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսվում է, որ երկու երկրներում փոխճանաչվեն կրթության որակավորումը, գիտական աստիճանները և գիտական կոչումները: Այս հարցը ներառված է այսօր` հունիսի 30-ին, սպասվող ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Կառավարությունը նախատեսում է նաև քննարկել ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը դյուրին դարձնելու հարցը:
Ի՞նչ հետևանքներ կարող են թողնել Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները, ի՞նչ զարգացումների սպասել ռուս-թուրքական հարաբերություններում: Թուրքիայի արտաքին և ներքին խնդիրները` հայ փորձագետների քննարկումների առանցքում են:
Այս տարի լրանում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրման 15 տարին: Այդ առթիվ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը կազմակերպում են հանդիսավոր արարողություն: Մասնակցելու է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի եւ հյուրեր Ֆրանսիայից:
Արձակուրդների մեկնարկը տրված է, հետևաբար ավելացել է երեխաների ու դեռահասների ազատ ժամանակը: Երկար ժամանակ համակարգչով, հեռախոսով ու պլանշետով զբաղվելն ինչպիսի՞ ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել: Ինչպե՞ս կանխել. Այսօր սպասվող մամուլի ասուլիսին մասնագետները կներկայացնեն իրենց դիտարկումները:
Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են ամուսնանալ կամ արդեն ամուսնացած են, Արարատյան հայրապետական թեմը հրավիրում է քրիստոնեական դասախոսություն-քննարկումների՝ «Ամուսնությունը դրա՞խտ, թե՞ արտաքսում դրախտից» թեմայով: Դասախոսությունները բաղկացած են 5 հանդիպումներից, որոնք կվարի Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: Հանդիպումներին կմասնակցեն նաև հայտնի ամուսիններ: Առաջին հյուրերն են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդեվանյանը և սիրված հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունում տեղի կունենա «Հայաստանը սերունդների աչքերով» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Կներկայացվեն 40 ժամանակակից հայ նկարիչների լավագույն աշխատանքներ, որոնցում պատկերված մարդիկ, առարկաները, բնությունը, մտքերը, հիշողություններն ու զգացմունքները բացահայտում են մեր երկրի տարբեր կողմերը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: