Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 29.06.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 29.06.2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հունիսի 29-30-ն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողության շեշտադրմամբ ուղերձ է հղել ռուսական կողմին: Վերջինս արձագանքել է և նշել, որ դա կարող է հիմք լինել երկու երկրների հարաբերությունների փուլային կարգավորման համար: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կխոսի ռուս-թուրքական հարաբերություններում սպասվող զարգացումներից, ինչպես նաև կանդրադառնա Հայաստան կատարած Հռոմի Պապի այցին:

Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ տեղի կունենա հիշատակի և ոգեկոչման արարողություն: Հիշատակի և ոգեկոչման արարողություններ կանցկացվեն նաև Կապան քաղաքում: Հունիսի 29-ին և 30-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները կայցելեն նաև անհայտ կորածների ընտանիքներ:

Ի՞նչ հիմնախնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը, «Սարգիս Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանը կխոսեն թեմայի շուրջ:

Մեկ տարի անց դեռ քննարկվում է ElectricYerevan-ի ֆենոմենը` որպես քաղաքական, հասարակական, քաղաքացիական պայքարի գործընթաց: Քաղաքագետները, իրավաբանները, սոցիոլոգները, հրապարակախոսները, ակտիվիստները կվերհիշեն ElectricYerevan շարժման անցած ուղին, կառանձնացեն կարևոր շեշտադրումները:

Զբոսաշրջության սեզոնի բացմանը զուգահեռ քննարկումների օրակարգ են մտնում ավիատոմսերի գների հարցերը: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը կխոսեն ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման, ՀՀ սեփական ավիափոխադրող չունենալու հետևանքների մասին:

Հայաստանում է ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին: Նա լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի Արցախյան հերոսներին նվիրված բարեգործական համերգաշարի մանրամասներ, կխոսի «Голос Украины» նախագծում իր մասնակցության ու առաջիկա ծրագրերի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում