Սպասվող լրահոս. 28.06.2016

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Չինաստանի հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտնում: Ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսված երկու երկրների տնտեսական համագործակցության ոլորտում, որ ուղղություններով զարգացմանը նոր թափ կհաղորդվի: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, Չինաստանում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Արթուր Եգորյանը կներկայացնեն մանրամասները:

Հունիսի 28-30-ը կանցկացվի ՓՄՁ-ների վերապատրաստում` տեղական արտադրանքի արտահանում ԵՄ շուկա, ԵՄ առևտրային կապերի ակտիվացում, մարկետինգ, մասնակցություն ցուցահանդեսներին և այլ ուղղություններով: Դասընթացը կվարեն Եվրոպայից ժամանած 5 փորձագետներ: Նպատակն է աջակցել գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող ՓՄՁ-ներին ԵՄ շուկա մուտք գործելու, համապատասխան գործարարների հետ համագործակցելու հարցում, ինչպես նաև արտահանման ոլորտում տեղական գործարարների վերապատրաստումը:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կայցելի Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարան ծանոթանալու լաբորատորիաների փորձարարական կենտրոնի հնարավորություններին: Նա կայցելի ՀԱՊՀ-ի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոն և կարճատև հանդիպում կունենա բուհի ղեկավար կազմի հետ:

Կամփոփվեն Հայաստանում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին իրականացված դիտարկումների արդյունքները: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և այլ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները կներկայացնեն իրենց դիտարկումներն ու բացահայտումները:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը 11 բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների շրջանում անցկացրել է հարցում` կապված աշխատաշուկա-բուհ կապի հետ: Հարցման արդյունքները կներկայացնեն կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ՝ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը: Նրանք կանդրադառնան նաև երիտասարդների արտագաղթի խնդրին:

Այսօր լրագրողների հետ կհանդիպեն Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններ՝ փաստաբաններ Արա Զաքարյանը, Տիգրան Հայրապետյանը և Վարուժան Ավետիսյանը: Նրանք մանրամասներ կներկայացնեն Ժիրայր Սեֆիլյանի գործի ընթացքի մասին: Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը: Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:

Այսօր տեղի կունենա «Երևանյան կիթառի 2-րդ միջազգային փառատոն»-ի բացման համերգը։ Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիայի և ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիր Հյուբերթ Քեփփելը Գերմանիայից, ինչպես նաև «Երևանյան կիթառի միջազգային փառատոն»-ի գեղ.ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը:

Սպորտային անցուդարձից: Այսօր կկայանա «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի մամուլի ասուլիսը՝ նվիրված հունիսի 30-ին կայանալիք «Եվրոպա լիգա»-ի որակավորման առաջին փուլի «Բանանց» Երևան - «Օմոնիա» Նիկոսիա հանդիպմանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ