Տնտեսություն

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին նվիրված հուշամեդալ է թողարկվել

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին նվիրված հուշամեդալ է թողարկվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին (24-26 հունիսի, 2016 թ.), որի կարգախոսն է՝«Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

301 թ. Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն, ինչը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական տոնելի սուրբ է, նրա մասունքները դարերի հոլովույթում սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում:

Համաքրիստոնեական շրջանակներում կարևորելով եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացումը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2000 թ. այցելել է Հռոմի Կաթողիկե Եկեղեցի և նրա գահակալ Հովհաննես Պողոս Բ Պապին, որն, իր հերթին, 2001 թ. իր մասնակցությունն է բերել քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:

Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Խոր Վիրապի վանքը Արարատ լեռան ֆոնի վրա և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում (2005 թ., քանդակագործ՝ Խաչիկ Ղազանչյան), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու զինանշանները:

Հուշամեդալը սահմանափակ քանակությամբ է և ունի պատմամշակութային արժեք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում