Կառավարությունը հաստատեց Ընտրական օրենսգրքում ընդդիմության հետ համաձայնեցված փոփոխությունները
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերի փաթեթին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետևյալ դրույթները. «Թեև օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդների համար կազմակերպվող դասընթացի նպատակն ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների ու պարտականությունների իմացության ապահովում է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները` նախագծով առաջարկվում է հանել մասնագիտական դասընթացների մասնակցության և որակավորման վկայական ունենալու վերաբերյալ պարտադիր պահանջները: Երկրորդ փոփոխությամբ` էականորեն վերանայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը, և երկարացվել են բողոքարկման ժամկետները, սակայն հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը` առաջարկվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների գործողությունների անգործության քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու ժամկետներ սահմանել քվեարկության հաջորդ օրը` ժամը 12-18-ը, կամ քվեարկությունից հետո` երկրորդ օրը ժամը 9-11-ը` 09:30-ի փոխարեն»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օրենսգրքի 23-րդ հոդվածի վերնագրում և առաջին մասում «քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող պետական կամ համայնքային ծառայողները» բառերը փոխարինել «հանրային ծառայող» բառերով՝ պայմանավորած մեկ միասնական հասկացություն կիրառելու անհրաժեշտությամբ:
«Փաթեթի հաջորդ նախագծով առաջարկվում է ԱԺ ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և համացանցային հեռարձակում` առցանց ռեժիմում` հատուկ ստեղծված կայքերի միջոցով: Տեսանկարահանումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության կողմից:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգ: Առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակներում չեն ընդգրկվում՝ բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում, քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար տվյալ օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ: Այն դեպքում, երբ անձը չի եղել ՀՀ տարածքում, սահմանված ժամկետում չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար և չի ստացել նույնականացման քարտ` նա ընտրություններին կարող է մասնակցել ընտրողների լրացուցիչ ցուցակներով»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով` քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվելու է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքերով, ընտրողը դուրս է հրավիրվելու քվեարկության սենյակից, եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզի, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը: Էկրանին հայտնվելու է կարմիր նշան, և համապատասխան մասնագետը տեղամասային հանձնաժողովին տեղեկացնելու է այդ մասին:
Ընտրողների ստորագրված ցուցակներն արդյունավետ ստուգելը լիարժեք հասանելի դարձնելու համար ներդրվելու է հետևյալ մեխանիզմը. Ընտրական օրենսգիրքը ցուցակների լիարժեք ստուգումը իրականացնելու համար նախատեսում է այն ընթացակարգը,որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպվելու է տեղեկանք, որում, առանց ընտրական տեղամասի համարը նշելու, նշված լինելու տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընդ որում տեղեկանքի մեկական օրինակ ըստ պահանջի տրամադրվելու է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձի:
Բացի դրանից, տեղեկանքի մեկ օրինակը սոսնձվելու է առանձին թղթի վրա, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հնարավորություն է ընձեռվելու լուսանկարելու այն: Առաջարկվող կարգավորումը վերոգրյալ մեխանիզմի հետ մեկտեղ ամրագրում է այն դրույթը, որ տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Բացի դրանից,Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-11.00-ն կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում` տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Դիմումի հետ պետք է ներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած պահանջներին բավարարող էլեկտրոնային կրիչ: Տարածքային ընտրական հանձնաժողովը մինչև քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 12.00-ը վերադարձնելու է կրիչը, որի վրա զետեղված են դիմումում նշված ընտրական տեղամասերում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարները համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: