Հորդանանում ապրում է մոտ 3 հազար հայ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանում ապրում է մոտ 3 հազար հայ: Հորդանանի հայ համայնքը Սփյուռքի ավանդական համայնքներից է, ունի իր ներքին ենթակառուցվածքները, մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսներ: Համայնքը կազմված է սոցիալական և դավանական տարբեր շերտերից: Ծանրակշիռ հատվածը հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են, ավելի փոքր մաս են կազմում հայ կաթոլիկները: Կա երեք եկեղեցի՝ առաքելական ուղղվածությամբ երկու` Ս. Թադեւոս, Ս. Կարապետ և մեկ կաթողիկե: Ս. Թադեւոս եկեղեցու շրջանակներում գործում է վեցամյա Յուզբաշյան-Գյուլբենկյան վարժարանը: Ազգային ծրագրերը մշակվում են միությունների ներսում և գործնականում իրականացվում են տվյալ միության ենթակառուցվածքների միոջոցով: Այս մասին նշվել է Լիբանանում Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի(տնօրեն,դկտ. Անդրանիկ Տագեսյան )կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ, որը նվիրված էր Հորդանանի հայ համայնքին:

Գիտաժողովին ելույթով հանդես եկած ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ Հորդանանի հայերն այդ երկրի լիիրավ քաղաքացիներ են, ազատորեն դավանում են սեփական կրոնը՝ վայելելով թե՛ Հաշիմյան իշխող թագավորական ընտանիքի և թե՛ հասարակության համակրանքն ու աջակցությունը: Հայերը լավ համարում ունեն՝ որպես երկրի նվիրյալ քաղաքացիներ: Նրանք ակտիվորեն ներգրավված են երկրի տնտեսական և հասարակական կյանքում՝ մեծ փորձառություն ունենալով մի շարք արհեստների ու արվեստների ոլորտներում: Պետության կողմից ճանաչված են որպես կրոնական փոքրամասնություն: Պետության մոտ համայնքը, իսկ համայնքի առաջ՝ պետությանը, ներկայացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող Հայ առաքելական եկեղեցու Ամմանի հայոց և շրջակայից թեմը՝ ի դեմս պատրիարքական փոխանորդ, առաջնորդ Տ. Վահան արքեպիսկոպոս Թոփալյանի:

Հայերի ճնշող մեծամասնությունն ապրում է Ամմանում: Հայկական կառույցները գտնվում են Ամմանի Ջաբալ Աշրաֆիյե թաղամասում: Հայ համայնքը որոշակի գործոն է նաև Հորդանան-Հայաստան երկկողմ հարաբերությունների և համագործակցության հարցում:

Հայկազյան համալսարանի ռեկտոր, դոկտոր Փոլ Հայդոսթյանը նշել է, որ չնայած հայապահպանության և այլ ոլորտներում նկատվող որոշակի բացասական միտումներին, պետք է փորձել հասկանալ, թե ստեղված իրավիճակում, ի սպաս հայ համայնքների, ինչ շահեկան լուծումներ կարելի է գտնել:

Արաքս Փաշայանը նկատեց, որ գիտաժողովի ընթացքում հնչած բոլոր զեկուցումներն էլ արժեքավոր էին, աչքի էին ընկնում գիտական կարևորությամբ ու արդիականությամբ՝ ընդգրկելով համայնքի պատմության տարբեր ժամանակահատվածներ ու իրար չկրկնող, տարաբնույթ խնդիրներ: «Դրանցից շատերը հիմնված էին արխիվային նյութերի, դաշտային հետազոտությունների, անգամ սեփական ընտանիքների պատմության փաստերի ու անձնական փորձառության վրա: Զեկուցողներից շատերը ներկայացրեցին նաև մի շարք բացառիկ լուսանկարներ, որոնք նոր լույս սփռեցի արդեն Հայոց Ցեղասպանությունից և Կիլիկիայի հայաթափումից հետո ձևավորված Հորդանանի հայ համայնքի պատմության տարբեր կողմերին, այդ տարածքում ստեղծված հայկական նյութական, հոգևոր և ազգային մշակույթին, երևելի հայերի գործունեությանը»,-ասաց նա:

Հայկազյան համալսարանն արդեն մի քանի տարի է, ինչ նախաձեռնել է Սփյուռքի հայ համայնքներին վերաբերող գիտաժողովների շարք, որը շարունակական բնույթ է կրում: Հորդանանի հայ համայնքին նվիրված գիտաժողովին մասնակցում էին թե՛ օտար, թե՛ հայ ուսումնասիրողներ, ինչպես նաև Հորդանանի հայ համայնքը ներկայացնող պատվիրակներ, ինչը հնարավորություն տվեց տարբեր կողմերից քննության ենթարկել Հորդանանի հայ համայնքը: Հայաստանից գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի գիտաշխատող արաբագետ Արաքս Փաշայանը և ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ասպիրանտ Հրածին Վարդանյանը:

Հայերեն English Русский