Սպասվող լրահոս. 21.06.2016
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը` հայաստանյան քաղաքագիտական վերլուծության կենտրոնում. այսօր` հունիսի 21-ին, հայ գործիչները կառանձնացնեն նախագահների հանդիպման կարևոր շեշտադրումները: Քաղաքագետներ Սերգեյ Մինասյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կխոսեն Սարգսյան-Ալիև հետապրիլյան երկրորդ հանդիպման հնարավոր զարգացումներից:
Այսօր կայանալու է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ.Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Նրանք խոսելու են «Կրոնից դեպի անվտանգություն՝ մեկ քայլ, Ղազախստանը գլոբալ քաղաքականությունում» թեմայի շուրջ: Նշենք, որ սա Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի առաջին մամուլի ասուլիսն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպելու է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա խոսելու է հայ-ֆրանսիական հարաբերություններից, Հայաստանի եվրոպական ինտեգրացիոն գործընթացից և դրա շուրջ վերջին զարգացումներից:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվի ընդլայնված հանդիպում ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարների և հայ արտահանող գործարարների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնացելու նպատակով ՌԴ-ից Հայաստան կժամանեն մեկ տասնյակից ավելի ռուսական մանրածախ ոլորտի առաջատար ընկերությունների հիմնադիր ղեկավարներ: Ներկա կլինեն նաև արտահանման մեծ ծավալներ ունեցող 50-ից ավելի հայկական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև պաշտոնյաներ:
Նորարարություններ` կաթնամթերքի արտադրության ոլորտում: Այսօր անցկացվելու է «Նորարարություններ և գիտելիքի փոխանակում կաթնամթերքի արտադրության ոլորտում» խորագրով համաժողով: Ավարտից հետո Հայաստանի առևտրային ֆերմերներին կառաջարկվեն դասընթացներ՝ բարելավելու կաթի արտադրության, վերամշակման և մարքեթինգի բոլոր ասպեկտները ֆերմայի մակարդակով:
Տաքսու ոլորտ «Յանդեքս տաքսի» ծառայության մուտք գործելը դժգոհության ալիք է բարձրացնում տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների շրջանում: Տաքսու ոլորտի ներկայացուցիչները պատրաստվում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել և ներկայացնել այն հնարավոր խնդիրներրը, որոնք կարող են առաջանալ «Յանդեքս տաքսի» ծառայության մուտք գործելով պայմանավորված: Թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացնելու Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, «Աջակցություն տաքսի ծառայություններին» ՀԿ փոխանագահ Սուրեն Մկրտչյանը, «Հայաստանում ուղեւորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյան:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: