Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 14.06.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 14.06.2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների համար խնամքի այլընտրանքային ի՞նչ ծառայություններ են առաջարկվում։ Այսօր` հունիսի 14-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրավիրում է քննարկման այս թեմայի շուրջ: Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը։ Համաձայն նոր կարգի՝ սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ և գիշերօթիկ դպրոցներում։ Նախապատվությունն այսուհետև տրվելու է որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին: Որքանո՞վ են կայացած խնամքի այս նոր ծառայությունները Հայաստանում, և կարո՞ղ են, արդյոք, դրանք լիարժեքորեն փոխարինել հատուկ և գիշերօթիկ դպրոցներին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կանդրադառնան նշված հարցերին:

Հունիսի 14-ը աշխարհի շատ երկրներ նշում են որպես արյան դոնորի միջազգային օր՝ ի պատիվ 1868 թվականի այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լայնշտեյների: Նա հայտնագործել է մարդու արյան խմբերը: Հայաստանում տարեցտարի դիտվում է դոնորների քանակի աճ, այդ թվում նաև կամավոր դոնորների: Չնայած առաջընթացին, դեռ խնդիրներ կան: «Արյունը միավորում է բոլորիս» կարգախոսով միջոցառմանը մասնագետները կխոսեն ձեռքբերումների ու խնդիրների մասին:

«Գելափ Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հարցում պարզելու հասարակության արձագանքը քառօրյա պատերազմի վերաբերյալ: Հարցման արդյունքները կներկայացնեն «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, նույն ասոցիացիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը, ներկա կլինի ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Հյուսիսային Իրաքում ԻՊ-ի կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու որոշման նախագիծ»-ը: Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, փաստաբան Հասան Թամոյանը կանդրադառնան նախագծին, ինչպես նաև կխոսեն Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից 19 եզդի աղջիկներին մահապատժի ենթարկելու փաստի մասին:

Հայաստանում անցկացված առաջին էկոտուրիզմի փառատոնի կազմակերպիչները կամփոփեն փառատոնի արդյունքները և կներկայացնեն իրենց հետագա անելիքները։ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կրթական ծրագրերի համակարգող Ռազմիկ Սարգսյանը կխոսեն էկոտուրիզմի հնարավոր զարգացումների մասին:

Այսօր հայտնի կդառնա Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը: Մրցույթի փակման գալա համերգին կհայտարարվի մրցույթի հաղթողի անունը, տեղի կունենա պարգևատրման արարողություն։ Մրցույթի հաղթող դիրիժորը երեկոյի ընթացքում կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում