Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 13.06.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 13.06.2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր` հունիսի 13-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Մեկնարկում է «Արի տուն» ծրագրի առաջին փուլը: Ծրագրի առաջին փուլին կմասցնակցեն 63 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 41-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, մյուս 22 մասնակիցները՝ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից, ԱՄՆ-ից են: Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ի՞նչ հիմքեր կան Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու համար, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու իր մեղքի բաժինն ընդունելը կարո՞ղ է արդյոք ազդեցություն ունենալ իրավական գործընթացի վրա: Այս և այլ հարցերի վերաբերյալ իր ուսումանսիրություններն է ներկայացնելու ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյան:

«Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խումբն անց է կացրել «Հասարակության վստահության աստիճանը քաղաքական կուսակցությունների նկատմամբ և քաղաքական կուսակցություններին անդամագրվելու նախադրյալները Հայաստանում» թեմայով հետազոտություն: «Հանուն օրենքի» համակարգող խմբի անդամներ Արման Ղուկասյանը, Ծովինար Կոստանյանը և Հայկ Կարապետյանն այսօր մանրամասն կներկայացնեն կատարված հետազոտության արդյունքները և հանդես կգան «Հանուն սոցիալական արդարության» (ՀԱՍԱԿ) կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությամբ:

Դեռևս 2015 թվականին Հայաստանը պաշտոնապես ճանաչվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Մինչ այժմ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել, այլ կենտրոնների հետ համագործակցության ի՞նչ ուղիներ են նախանշվել: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը կներկայացնի արված աշխատանքն ու առաջիկա անելիքները:

Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն ու Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ կանդրադառնան «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, մանկական սննդին, սննդային թունավորումներին:

Երևանի պարարվեստի պետական քոլեջը հանդես կգա հաշվետու-ավարտական համերգով: Համերգի առաջին բաժնում կներկայացվի Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի երրորդ գործողությունը, երկրորդ բաժնում կկատարվեն հայկական և աշխարհի ժողովուրդների պարեր՝ Ազատ Ղարիբյանի, Վանուշ Խանամիրյանի, Նորայր Մեհրաբյանի, Հովհաննես Խաչիկյանի, Սրբուհի Բաբայանի բեմադրություններով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում