Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 09.06.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 09.06.2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ կառավարության աշխատակազմը նախատեսում է կրճատել իրեն ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է այսօր` հունիսի 9-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Արդեն իսկ կառավարությունը կրճատել է ավելի քան 800 ծառայողական ավտոմեքենա:

Կառավարության նիստում կքննարկվեն այլ հարցեր ևս, իսկ ահա կառավարության շենքից դուրս կրկին բողոքի ակցիա է սպասվում: 33-րդ թաղամասի, կամ ինչպես հասարակության շրջանում է տարածված ասել, Ֆիրդուսի բնակիչները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի են դուրս գալու:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփում է մայիսի 28-30-ը Տիրանայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքները:

Հայաստանյան հասարակական դաշտը քննարկում է Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպսիկոպոս Աթեշյանին նամակը: Պատրիարքական փոխանորդը Էրդողանին հայտնել էր, թե իբր Թուրքիայի հայ համայնքը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը մեծ ցավով է ընդունել: Այսօր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կխոսեն թեմայի շուրջ և կանդրադառնան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանին:

Հունիսի 11-ին մեկնարկում է «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագիրը: Այսօր Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը կներկայացնեն ծրագրի շրջանակում անցկացվելիք «Համով-հոտով Երևան» խորագրով 9-րդ փառատոնին առնչվող մանրամասներ:

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում, երբ կդադարեն հորդառատ տեղումներն ու քամիները: Այս և այլ հարցերին կանդրադառնա ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի 9-րդ՝ «Բարի, գեղեցիկ, առաքինի» վավերագրական ֆիլմի պրեմիերան` նվիրված աշուղ Ջիվանու 170-ամյակին: Ֆիլմի բեմադրիչ Արմեն Ռոնով-Մկրտչյան:

Հունիսի 9-ին մեկնարկում է 2016 թվականի ՀՀ Հեծանվային մարզաձևի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը: Այն անցկացվում է ՀՀ հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի կողմից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում