Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 08.06.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 08.06.2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Նա կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Չեխիայի նախագահը նշել էր, որ ցանկանում է կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել, որպեսզի հետեւեն գերմանական օրինակին եւ պաշտոնապես ճանաչեն 1915-1918 թթ. թուրքերի կողմից իրականացված Հայերի ցեղասպանությունը:

ՀՀ ԱԻ նախարարությունը, Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացնում է 5 փրկարարական ջոկատների համատեղ վարժանք՝ ուժեղ երկրաշարժի սցենարով: Կգործարկվեն միացյալ միջգերատեսչական և շարժական լրատվական կենտրոնները: Ուսումնավարժությանն ընդգրկված են ՀՀ բոլոր նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչներ:

Տարբեր ապրանքների շուկայում ինչպիսի՞ գնային տատանումներ են գրանցվել, ո՞ր ապրանքախմբերն են թանկացել, որո՞նք էժանացել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը կներկայացնի առաջին 5 ամիսների ամփոփ վիճակագրությունը:

Զբոսաշրջային սեզոնի ակտիվ շրջանում քննարկումների օրակարգում տուրիզմի խնդիրներն են: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը կանդրադառնան Հայաստանի զբոսաշրջության խնդիրներին ու հեռանկարին:

Արցախի պատգամավորին ծեծի ենթարկելու փաստը քննարկում են հայաստանյան գործիչները: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը կանդրադառնան Արցախում տեղի ունեցող ներքաղաքական վերջին զարգացումներին:

Կանցկացվի բարեգործական ճաշկերույթ` նվիրված հայ մեծանուն աշուղ Ջիվանու 170-ամյակին: Կմասնակցեն բազմաթիվ պետական, հասարակական և մշակութային գործիչներ, գործարար-բարերարներ, հյուրեր Ջավախքից, Թբիլիսիից, ՌԴ-ից և այլ վայրերից: Միջոցառումից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի Ջավախքի Կարծախ գյուղում Ջիվանու տուն թանգարանի կառուցմանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում