Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 06.06.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 06.06.2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ այսօր՝ հունիսի 6-ին, մեկնարկում է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան: Նախատեսվում է, որ օրակարգում կընդգրկվի «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագիծը:

Երևանում վերաբացվում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Այս տարի ևս գյուղացիները հնարավորություն կունենան վաճառել իրենց պտուղն ու բանջարեղենն առանց միջնորդների: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի, թե Երևանի կոնկրետ որ հատվածներում են բացվելու գյուղմթերքների տոնավաճառները: Նշենք, որ նախարարության նախաձեռնությամբ ձևավորված գյուղմթերքների շուկան սովորաբար գործում է շաբաթ և կիրակի օրերին, իսկ տարեվերջին՝ ամեն օր:Դա պայմանավորված է նախատոնական շրջանով:

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը շարունակում են վերլուծել հայ փորձագետները, քաղաքագետներն ու մտավորականները: Արդյո՞ք Գերմանիայի կողմից ընդունված բանաձևը կթուլացնի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը,այն ի՞նչ իրավական հետևանքներ կարող է ունենալ: Այս և այլ հարցերին կանդրադառնա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Թեմային կանդրադառնան նաև գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը:

2016թ. հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի ֆուտբոլի 2016 թվականի առաջնությունը: Առաջնության շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատները հունիսի 8-ին և 9-ին կազմակերպում են միջոցառում: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը սպասվող մամուլի ասուլիսին կներկայացվեն միջոցառման մանրամասները:

Հունիսի 14-ին մեկնարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 14-րդ փառատոնը, որին մասնակցում են հաշմանդամություն ունեցող ավելի քան 120 մարզիկներ` Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից: Մարզիկներն իրենց ուժերը չափում են լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ, թենիս և շոու դաուն մարզաձևերով: Այսօր Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի,Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ»միության նախագահ Հակոբ Աբրահամյանը կներկայացնի սպասվող փառատոնի մանրամասները:

Հունիսի 6- ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավորությամբ կբացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը: Մրցույթն ուղղված է դաշնամուր, ջութակ, թավջութակ և դիրիժոր մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ կհնչեն հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ «Գայանե»և «Սպարտակ» բալետներից և «Դիմակահանդես» դրամայից:Մրցույթն անկացվելու է մինչև հունիսի 14-ը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում