Սպասվող լրահոս. 24.05.2016
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Եվս մի քանի օր և ուսումնական տարին կավարտվի, ու կտրվի քննությունների մեկնարկը: Սպասողական վիճակում են միասնական քննություններ ունեցող աշակերտներն ու նրանց ծնողները: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր` մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնա միասնական քննություններին առանչվող բոլոր հարցերին:
Ազգային ժողովում կշարունակվեն տարբեր հանձնաժողովների նիստերը: Օրակարգում կլինի 2015 թվականի բյուջեի կատարողականը: Պետական կառույցները պատգամավորներին կներկայացնեն արված աշխատանքը, բյուջեից հատկացված ֆինասնական միջողների ծախսը, կքննարկվի արված աշխատանքի արդյունավետությունը:
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան»-ը, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կանցկացվի «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» թեմայով քննարկում: Այն կվարի Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեզը:
Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Տավուշի մարզ: Կվերակնքվի Տավուշի մարզի և Օ-դը-Սեն դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը: Դրանից բացի, Պատրիկ Դեվեջյանի գլխավորած պատվիրակությունը կծանոթանա համագործակցության շրջանակներում իրականացված գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին: Պատվիրակությունը կմասնակցի Լուսաձորի պանրի գործարանի ընդլայնված մասի բացման արարողությանը, որին կհաջորդի ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի ստորագրումը:
Սահմանային անցակետերում Ռուսաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիները ի՞նչ խնդիր են ունենում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք արագ լուծելու համար: ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Ալեքսեևը կանդրադառնա նշված հարցերին:
Անցկացվում է «Շնորհակալ ենք, հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով ակցիան: Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, երգիչ Սևակ Ամրոյան, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը կներկայացնեն ակցիայի նպատակը և առաջիկա անելիքները:
Մայիսի 24-ին Հայաստանյայց Առաքելական Ս.Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, ուխտավորների մասնակցությամբ, կառաջնորդվի Ս.Գայանե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները: Վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն:
Մայիսի 24-25-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Աբովյան» ՔԿՀ-ում հերթական անգամ անցկացնելու է մարզական միջոցառում կին դատապարտյալների մասնակցությամբ: Ծրագրում նախատեսված են վոլեյբոլի, հեռացատկի, վազքի, բազկամարտի, շաշկու և սեղանի թենիսի մրցումներ: Հաղթողները կպարգևատրվեն նախարարության հավաստագրերով և նվերներով:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: