Սպասվող լրահոս. 12.05.2016
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա հայտարարությամբ: Այն կհնչի այսօր` մայիսի 12-ին, ՀՀ կառավարության հերթական նիստից առաջ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ներկայում կառավարությունը զբաղված է կարևոր գործով՝ տնտեսության զարգացմամբ, որից պետք է ածանցվեն ապագա բոլոր հաջողությունները: Վարչապետի հայտարարությունը լինելու է այդ համատեքստում:
ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները ամփոփում են Արցախում անցկացված Հայ դատի հանձնախմբերի համաժողովի արդյունքները: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատրյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը, Մերձավոր Արևելքի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը կխոսեն Արցախ կատարած այցելությունից, կներկայացնեն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդպման մանրամասները, ինչպես նաև կանդրադառնան ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին:
Տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան թեմային այսօր անդրադառնալու են նաև «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» (ՇԱԳԱՄ) ՀԿ նախագահ Ժիրայր Սեֆիլյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը:
Մայիսի 12-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է: Նրա ծննդյան 95-ամյակի կապակցությամբ պանթեոն կայցելեն նրա արվեստի երկրպագուները, մտավորականներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, ուսանողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Բարեգործական համերգ` Արցախում վիրավորված զինվոներին աջակցելու համար: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցացվի Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը, որից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը:
OFS 8 միջազգային մրցաշարում ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանի, Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա»-ի նախագահ, Ալբերտ Ղազարյանի մարզիչ Հայկ Ղուկասյանը կհանդիպեն լրագրողներին: Նրանք կներկայացնեն Մոսկվայում կայացած OFS 8 միջազգային մրցաշարում Ալբերտ Ղազարյանի հաջողություները, «Արմֆայթինգ» ֆեդերացիա»-ի առաջիկա ծրագրերը:
Մայիսի 12 կմեկնարկի ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի 2016 թվականի ՀՀ առաջնությունը: 25 կմ անջատ մեկնարկ` մեծահասկաների և երիտասարդների համար, ինչպես նաև 15 կմ անջատ մեկնարկ` պատանիների համար:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: