Թուրքիայի իշխող ուժի ներկուսակցական խնդիրները չեն ազդի տեղի հայկական համայնքի վրա. Արա Գոչունյան
3 րոպեի ընթերցում
![Թուրքիայի իշխող ուժի ներկուսակցական խնդիրները չեն ազդի տեղի հայկական համայնքի վրա. Արա Գոչունյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/05/846406.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում առկա խնդիրները չեն ազդի տեղի հայկական համայնքի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:«Իշխող կուսակցության ներսում առկա խնդիրներն ու փոփոխությունները ոչ դրական, ոչ բացասական իմաստով ներկայում չեն կարող ազդել տեղի հայ համայնքի վրա: Այսօր Թուրքիայում ղեկավարման ճգնաժամ գոյություն չունի, պարզապես քաղաքական ֆիգուրները պետք է փոխվեն, իսկ համայնքի խնդիրների լուծումը, այս կամ այն հարցի կարգավորումն ուղղակիորեն կապված չեն ներքաղաքական իրադարձությունների հետ»,-ասաց Արա Գոչունյանը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի սպասվող փոփոխությանը, Դավութօղլու- Էրդողան տարաձայնություններին` Արա Գոչունյանը նշեց, որ դրանք կապված են Դավութօղլուի ձեռքից որոշ լիազորություններ վերցնելու հետ:
«Կուսակցության ղեկավարը կարող էր նշանակել կուսակցության մասնաճյուղերի ղեկավարներին: Կուսակցության համագումարի ժամանակ արդեն բոլորը ասում էին, որ կուսակցության բոլոր ղեկավար մարմինները Էրդողանի հավատարիմ գործիչներն են: Բանը հասավ նրան, որ վարչապետի իմացությունից դուրս ստորագրահավաք էր անցկացվում, ըստ որի, կուսակցության նախագահը մասնաճյուղերի ղեկավարներին նշանակելու լիազորություն չէր ունենալու: Այդ լիազորությունը փոխանցվում էր կուսակցության խորհրդին: Դա, երևի թե, եղավ այն կետը, որ Էրդողանի ու Դավութօղլուի միջև նման զարգացումներ գրանցվեցին»,-ասաց Արա Գոչունյանը:
Այս ընթացքում կարծիքներ էին հնչում այն մասին, որ Եվրոպա-Թուրքիա միգրանտների հարցով գործարքի համատեքստում Դավութօղլուի կշիռը բարձրացել էր, իսկ Էրդողանը իր կողքին չէր հանդուրժի սեփական հեղինակությունը ստվերող գործչի: Անդրադառնալով այս դիտարկմանը` Արա Գոչունյանը նշեց, որ այս լարվածության հիմքում արտաքին քաղաքական գործոնների առկայությունը քիչ հավանական է:
«Միջազգային հարցերի հետ կապված միշտ էլ եղել է վարչապետ-նախագահ տանդեմը, որը շատ դեպքերում արդյունավետ է գործել: Եվրոպացի գործիչները շատ լավ գիտակցում են, թե Էրդողանն ինչ կշիռ ունի և այնպես չէ, որ Դավութօղլուի հետ աշխատանքն ի հաշիվ Էրդողանի է եղել»,-ավելարցեց թերթի խմբագիրը:
Դավութօղլու-Էրդողան միջադեպից հետո որքանո՞վ է հավանական նոր ընդդիմության ձևավորումը կամ իշխող կուսակցության մասնատումը: Հարցին ի պատասխան, Արա Գոչունյանը նշեց, որ իշխող ուժի շարքերում շարունակում են մնալ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և եթե նրանք միաժամանակ փորձեն Էրդողանի դեմ շարժում ստեղծել, ապա տեսականորեն մասնատումը հավանական է: Բայց, Արա Գոչունյանի կարծիքով, Էրդողանը դոմինանտ է:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից: