Սպասվող լրահոս. 06.05.2016
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Հայաստանում է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը: Նա մեծ ներդրում է ունեցել Հայ-գերմանական ֆորումի հիմնադրման, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Այսօր` մայիսի 6-ին, Ալբերտ Վայլերը հանդիպելու է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ներկա կլինի ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Թուրքիայում ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են գրանցվում: Նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի վերջին շրջանում լարված հարաբերությունները հանգեցրին վերջինիս հրաժարականին: Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին, տեղի հայկական համայնքի խդիրներին անդրադառնալու է Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Ուշադրության կենտրոնում են ապրիլի սկզբին ռազմական գործողությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկները, զինվոները, վետերանները: Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկների, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերանների, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների խրախուսման և մեծարման արարողությունը։
«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ»: Գնահատվում է այս բյուջետային ծրագրերի արդյունավետությունը: Կներկայացվեն վիճակագրական տվյալներ, կլինի քննարկում ՀԿ-ների, միջազգային կառույցների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այսօր կայանալու է «Արի տուն» և «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստը կվարի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը 31 տարեկան է: Տարեդարձի կապակցությամբ ակումբը կներկայացնի պատմական քարտեզների հավաքածու, ինչպես նաև քարտեզների հետ կապված հետաքրքիր պատմական իրադարձություններ:
Այսօր կայանալու է Հայրիկ Մուրադյանի ծննդյան 111-ամյակին նվիրված «Մոկաց սարեր» ձայնասկավառակի շնորհանդեսը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: