Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 05.05.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 05.05.2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ կառավարությունը քննարկելու է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այսօր` մայիսի 5-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում ներառված է Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ այդ հարցով օրենսդրական փաթեթը: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը: Նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը: «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվելու է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան:

Արցախի անկախության ճանաչման հարցը քննարկվում է նաև հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակում: Քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ կխոսեն թեմայի շուրջ և կանդրադառնան սահմանային իրավիճակին: Ի դեպ, այսօր լրագրողներին հանդիպելու է Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համահեղինակն է:

Հայ փորձագետների ուշադրության կենտրոնում են Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների ծեծկռտուքը և հայ պատգամավոր Գարո Փայլանի շուրջ ծավալվող զարգացումները: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն ու քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը կխոսեն թեմայի շուրջ: Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է մայիսի 2-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամաավորների կողմից իր դեմ կազմակերպված հարձակումը: Նա նշել է, որ հարձակումն իրոք նախապես պլանավորված է եղել:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը կներկայացնեն համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին կխոսի Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետը: Նիստին կքննարկվեն ընթացիկ հարցեր:

Ինչպիսի՞ն է Կովկասը նավթի ցածր գների պայմաններում, նավթի գների անկումն ի՞նչ ազդեցություն է թողնում տարածաշրջանի անվտանգության վրա: Այս և այլ հարցերին են անդրադառնալու Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը և ԵՊՀ դասախոս Արամ Թերզյանը: Նրանք խոսելու են նաև նավթագազային համակարգից Ադրբեջանի գործող քաղաքական ռեժիմի կախվածության մասին:

Այսօր ներկայացվելու է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակը: Երեկոյի ընթացքում կցուցադրվի մաեստրոյի մասին պատմող՝ «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում