Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 04.05.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 04.05.2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Մշակվել է իր տեսակի մեջ եզակի նոր մագիստրոսական ծրագիր՝ «Բանկային մենեջմենթ»: Ծրագիրը մեկնարկելու է 2016 թվականի սեպտեմբերին: Այսօր` մայիսի 4-ին, նախաձեռնողները կմանրամասնեն, թե որն է ծրագրի եզակիությունը, ինչով է այն առավել մյուս մագիստրոսական ծրագրերից: Նշենք, որ ծրագիրը մշակվել է «Մալխասյան Քոնսալթինգ» ընկերության և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համագործակցության արդյունքում:

Ինչպես գիտենք, առաջիկայում սպասվում է գազի սակագնի փոփոխության հարցի քննարկում: Եվ մինչ պատկան մարմինները կքննարկեն, թե որքանով է հնարավոր նվազեցնել գազի սակագինը, գիտական, հասարակական դաշտը վերլուծում է, թե ինչ կշահի սպառողը և տնտեսությունը: Թեմայի վերաբերյալ իրենց վերլուծությունները կներկայացնեն տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Ի՞նչ եղանակ է կանխատեսվում մայիսին, արդյո՞ք կլինեն ջերմաստիճանի տատանումներ և ի՞նչ ծավալի տեղումներ են սպասվում: Այս և այլ հարցերի կանդրադառնա ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Մայիսի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Օրվան ընդառաջ տոնի հոգեւոր խորհրդի, ժողովրդական ծեսի եւ Արարատյան հայրապետական թեմի կողմից տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների մասին կխոսի ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նախատեսված է լուսանկարիչ Տաթև Մնացականյանի անհատական լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Այն կազմակերպվել է «Մշակութային երկխոսություն» լուսանկարչական ծրագրի շրջանակում: Ցուցահանդեսը նվիրված է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան, որը նշվում է ամեն տարի մայիսի 21-ին:

Ամփոփվում են «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի արդյունքները: Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը կխոսեն փառատոնի հաջողությունների, ձեռքբերումների մասին: Հիշեցնենք, որ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը բացվել է դերասան Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացմամբ: Փառատոնն անցկացվել է ապրիլի 29-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում ցուցադրվել է 26 ներկայացում: Ըստ կազմակերպիչների` փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում