«Բարև, Հայաստան». Պատրաստ ենք կռվել նաև հայրենիքում. սիրիահայ Ջիմիի հաջողության ու նվիրումի պատմությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ Ջիմի Հաջարը Հայաստանը հիանալի երկիր է համարում լուսանկարչությամբ զբաղվելու համար: Նրա համոզմամբ՝ այստեղ բնությունն ուղղակի հիասքանչ է, ամեն անկյունում կարելի է մի գեղեցիկ նկար ստանալ: «Որտեղ էլ Հայաստանում կանգնես, գեղեցիկ պատկեր կստանաս, ստեղծագործելու, նկարելու համար տրամադրող միջավայր է, իսկ դա շատ է օգնում գեղեցիկ լուսանկարներ ստանալու հարցում»,- ասում է նա: Լուսանկարիչը, ով Հալեպից է, ասում է, որ Սիրիայում ևս կան գեղեցիկ վայրեր, բայց դրանց հասնելն ավելի ավելի բարդ է, քան, ասենք, Երևանից՝ Հայաստանի ցանկացած անկյուն:

Ջիմին Հալեպից Հայաստան տեղափոխվել է 2014 թ. մարտին: Նա պատմում է, որ պատերազմի առաջին 2-3 տարիներին կնոջ հետ փորձել է դիմանալ պայմաններին, բայց ի վերջո նրանք ստիպված են եղել լքել Սիրիան: Սկզբում Ջիմին Հայաստան է ուղարկել կնոջը, ապա 8 ամիս անց ինքն է տեղափոխվել: Այդպես, Հայաստանում է ծնվել Ջիմիի առաջին երեխան, ով արդեն 2 տարեկան է:

Ջիմին Հալեպում նույնպես զբաղվում էր լուսանկարչությամբ: Թե այնտեղ, թե Երևանում նա լուսանկարում է ուրախ հանդիսություններ, բայց տարբեր երկրներում նույն աշխատանքի մեջ զգում է որոշակի տարբերություններ: «Սիրիան բազմազգ ու բազմակրոն երկիր է, ուստի լուսանկարների բնույթը ինչ-որ առումով ավելի բազմազան էր»,- մանրամասնում է լուսանկարիչը «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա կարծում է, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ Հալեպում պետք է լինել ավելի ճարպիկ ու ճկուն:

Երևանում Ջիմին հաճախ է նկարահանում ճանաչված ու անվանի մարդկանց, բայց խոստովանում է, որ երբեմն ոչ բոլորին է ճանաչում: Իր գործում Ջիմիին օգնում են ևս 12 հոգի՝ լուսանկարիչներ, օպերատորներ ու մոնտաժողներ:

Լուսանկարչի գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է. աշխատում է օրական 20 ժամ, այլ զբաղմունքի ժամանակ պարզապես չունի: Ազատ օրերին, երբ նկարելու ոչինչ չունի, անձամբ նստում և մշակում է լուսանկարները, տեսաշարերը: «Քանի որ նկարում եմ տարբեր ուրախ առիթներով կազմակերպված միջոցառումներ ու հանդիսություններ, գրեթե ամեն օր զբաղված եմ լինում, գործս միշտ շատ է»,- նշում է սիրիահայը: Նա չի թաքցնում նաև, որ կրթությամբ լուսանկարիչ չէ, բայց շատ վաղուց է այս գործով զբաղվում՝ 22 տարի: Տարիների ընթացքում ինքնուրույն սովորել ու զարգացրել է իր մեջ եղած պոտենցիալը:

Ջիմիին իր աշխատանքից չի դժգոհում և փոխելու մտադրություն չունի. զբաղվում է իր սիրած գործով: Ցավում է միայն, որ արդյունքում ընտանիքին տեսնելու ժամանակ շատ քիչ է ունենում: «Երեխայիս գրեթե միշտ քնած եմ տեսնում, լավագույն դեպքում՝ մեկ ժամ»,- ասում է լուսանկարիչը: Նա նշեց, որ կինը կրթությամբ գրաֆիկ դիզայներ է և լուսանկարչության ոլորտում իրեն խորհուրդներով շատ է օգնում: Հիմա չի աշխատում, քանի որ խնամում է փոքրիկին. երեխան շատ չարաճճի է, արդեն եկող տարի գնալու է մանկապարտեզ:

Սիրիահայ լուսանկարիչն ասում է, որ Երևանում իրեն գնահատված է զգում: «Եթե շնորհք ունես, էությամբ լավ մարդ ես ու արժեքավոր գործ ես անում, բոլորը շատ լավ կվերաբերվեն: Հայաստանի ժողովուրդն այդպիսինն է»,- կարծում է լուսանկարիչը:

Նա ասում է, որ Երևան տեղափոխվելիս մեծ խոչընդոտների ու դժվարությունների չի բախվել, բայց Հայաստանում աշխատելն ունի իր բարդությունները: «Այստեղ պետք է 3-4 հոգու փոխարեն աշխատել, որպեսզի հնարավոր լինի պահել ընտանիքը, մեքենա վարել ու գրասենյակ վարձել. աճելու համար ժամանակ է հարկավոր»,- բացատրում է նա: Այնուամենայնիվ, Ջիմիի լուսանկարչական ընկերությունը, որ գործում է արդեն 1,5 տարի, իր կարծիքով՝ ժամանակի ընթաքում թափ է հավաքել, և ինչն ամենակարևորն է՝ այստեղ նա իրեն հանգիստ ու տանն է զգում:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք Ջիմին իր ընտանիքի հետ ցանկություն չի ունեցել մեկնել Եվրոպա, ինչպես դա անում են հազարավոր սիրիացիներ: «Եվրոպա մեկնելիս մարդիկ փախտսական են դառնում, իսկ Հայաստանը մեր հայրենիքն է, ինչո՞ւ ստանալ փախստականի կարգավիճակ, եթե կարող ես վերադառնալ նախնիներիդ տուն»,- ասում է սիրիահայը:

Անդրադառնալով շփման գծում վերջին շաբաթների ռազմական գործողություններին ու խիստ լարված իրավիճակին՝ լուսանկարիչն ասաց, որ նրանք պատերազմական վիճակի սովոր են: «Այնտեղ արդեն կռվել ենք, պատրաստ ենք կռվել նաև մեր հայրենիքում: Դա մեզ չի խանգարի մնալ Հայաստանում»,- եզրափակեց Ջիմին:

Լուսինե Ղազարյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում