Սպասվող լրահոս. 13.04.2016
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հայաստանի վարչապետի` Մոսկվա մեկնելու հետ կապված տարբեր կարծիքներ էին հնչում: Այսօր սպասվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ասուլիսը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, հարց կհնչի նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանի մասնակցության մասին:
Էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային համագործակցության շրջանակներում ապրիլի 13-ին Երևանում կկայանա քառակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի Էներգետիկայի նախարարաների և Վրաստանի էներգետիկայի փոխնախարարի մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել և ստորագրել Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը։
Ինչպիսի՞ ժողովորդագրական պատկեր ունենք, ի՞նչ խնդիրներ կան այդ տեսանկյունից և ի՞նչ հնարավոր լուծումներ են անհրաժեշտ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը կխոսեն թեմայի շուրջ:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, հայկական կողմի անելիքները քաղաքական, փորաձագիտական քննարկումների առանցքում: Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը, Արցախյան ազատամարտի վետերանների միության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը, Արաբո ջոկատի անդամ, փաստաբան Սեյրան Գրիգորյանը և այլք կխոսեն վերջին զագացումների մասին:
Բողոքի երթ` ընդդեմ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ռուսաստանի կեցվածքի: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների ընթացքում Ռուսաստանի որդեգրած կեցվածքի ու ՌԴ կողմից Բաքվին զինելու փաստի դեմ բողոքի երթ կանցկացվի: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից եւ կեզրափակվի ՌԴ դեսպանատան դիմաց: Մասնակիցները պահանջելու են Ռուսաստանից կատարել ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել Հայաստանի անվտանգության և ազգային շահերը, անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: