ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը բարձր է գնահատել հայ ժողովրդի միասնությունը: Նա ընդգծել է, որ հայ ժողովուդն ունի արդար մարդկանց համակրանքը և մեկ մարդ դարձած ու բռունցքված միասնությունը սնուցելու է ապագա սերնդին:«Այսօր մեր մտքերը մեր սահմանին կանգնած զինվորների ու սպաների հետ են: Մեր հոգիները ցավում են ամեն մի անմահացման դեպքում, բայց մեր սրտերը գոտեպնդվում են մեր հերոսների վարքով, մեզ հաղորդում վճռականություն, հաստատակամություն: Մենք այսօր դարձել ենք մեկ մարդ, և այդ միասնությունը սնուցելու է մեր ապագա սերնդին: Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր Հայրենիքը: Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Հայրենիքի զինվոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշել է երկրի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ դեպի անմահություն գնացող հայ զինվորն իր անունը, իրեն ծնած ընտանիքին փառքով է պսակել: «Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի և մեր մնացած նահատակների սխրագործության առաջ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծիողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի:
Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26զինծառայող անհայտ կորած է, 72 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկուհամայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային ՂարաբաղիՊաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 29 տանկ , 3հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանումարտական մեքենա: