Քաղաքականություն

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արցախ կատարած այցի մանրամասները

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արցախ կատարած այցի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ հրադադարի խախտում տերմինն այլևս տեղին չէ օգտագործել, քանի որ Ադրբեջանն Արցախում անցել է բացահայտ պատերազմական գործողությունների: Պատգամավորը, ով ապրիլի 5-ի գիշերն է վերադարձել Արցախից, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է, քանի որ նրանք ակնհայտորեն փորձել են հյուսիսից և հարավից միաժամանակ ներխուժել Լեռնային Ղարաբաղի տարածք, իսկ այնուհետև գրոհել մայրաքաղաք Ստեփանակերտը: «Այսինքն՝ նրանք փորձել են երկու կողմերից մտնել Ղարաբաղ, եւ ըստ էության կարելի է չկասկածել, որ եթե այդ երկու անցումը ստացվեր, կհետեւեր դրան կենտրոնից հարձակումը Ստեփանակերտ քաղաքի վրա, բայց քանի որ մեր զորքերը կարողացել են հարավում եւ հյուսիսում ներխուժման փորձերը կասեցնել, արդեն նրանք ըստ էության հասկացել են, որ պլանը չի հաջողվում իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմը կրակը միակողմանի դադարեցնելու մասին խոսում է, քանի որ իրենց նպատակը չի իրականացել եւ իրենց դադար կարող էր պետք լինել՝ իրավիճակը վերլուծելու եւ նոր հարձակում ձեռնարկելու համար: Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը մեկ շաբաթ հետո հարձակման փորձ չէր ձեռնարկի, եթե անգամ պաշտպանության բանակը հետ գրավի ապրիլի 1-ին կորցրած դիրքերը և զինադադարը կրկին հաստատվի: «Ղարաբաղում, երբ շփվում ես շարքային քաղաքացիների հետ, կարծես թե կա այսպիսի տեսակետ, որ պետք է այս փուլում ամեն ինչ անել Ադրբեջանին տարածքային կորուստներ պաճառելու համար, որպեսզի մենք գոնե երաշխիք ունենանք, որ այդ իշխանությունը, Ալիեւը շոկից գոնե մի տարի դուրս չի գա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև այն կարծիքին է, որ ՀՀ-ն պետք է հստակ հայտարարի, որ Ղարաբաղի հարցով որեւէ բանակցություն չի վարելու այնպիսի ձեւաչափերում որտեղ կբացակայի ղարաբաղյան կողմը: «Այսինքն՝ այն բանակցային սեղանը, որտեղ քննարկվում է Ղարաբաղի հարցը, որտեղ Ղարաբաղի ներկայացուցիչը նստած չէ այդ բանակցություններում, Հայաստանն ասելիք չունի: Այսօր կարծում եմ՝ սա պետք է ֆիքսել ընդմիշտ»,- նշեց պատգամավորը:

Նա հավելեց, որ ինքն այս օրերին եղել է Ստեփանակերտում, այնուհետև եղել է Մարտակերտում, հետո վերադարձել են Թալիշի և Մատաղիսի ճանապարհով, և այդ գծում ինտենսիվ մարտական գործողություններ էին։ «Հրետանու աշխատանքը, հրետանու պայթյունները և «Գրադ» համակարգի պայթյունները, անօդաչու սարքերի գործողությունները, այդ ամեն ինչը երևում էր, Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում, անօդաչու սարքեր են գործում»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորսվիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի: Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26 զինծառայող անհայտ կորած է, 72 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալիկորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 29 տանկ , 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում