Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 05.04.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 05.04.2016

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Օրվա ամենաքննարկվող թեման շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունը, շփման գծում առկա լարվածությունը: Օրվա ընթացքում Հայաստանի և Լեռնայի Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունները կշարունակեն օպերատիվ կերպով տեղեկատվություն տրամադրել շփման գծից, հակառակորդի գործողությունների և հայկական կողմի հաջողություններից:

Սահմանային լարվածության թեման կքննարկեն քաղաքագետները, քաղաքական գործիչները, գիտության, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչները: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը կանդրադառնան ռազմական գործողություններին, միջազգային հանրության արձագանքին ու հայկական կողմի անելիքներին: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանն իր դիտարկումները կներկայացնի Լեռնային Ղարաբաղի շուրջ աննախադեպ սրված իրավիճակի, դրա ծնող պատճառների մասին: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը եւ Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը կանդրադառնան համախմբման ուղղությամբ տարվող քայլերին, իսկ Սփյուռքի գործոնի մասին կխոսեն «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազճյանը:

Օրվա լրահոսում տեղ կգտնեն հրապարակումներ նաև այլ թեմաներով: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախաձեռնությամբ կանցկացվի «Երիտասարդներն ու միգրացիան՝ մարտահրավերներից հնարավորություններ» խորագրով միջազգային համաժողովը։ Համաժողովին ելույթներով հանդես կգան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնակատար Քեյթ Պոչապսկին և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։

Օրվա ընթացքում կլոր-սեղան քննարկում է սպասվում «Ինտեգրացիոն գործընթացները ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության համատեքստում» թեմայով: Այն կազմակերպել է Երեւանի մամուլի ակումբը:

Լրանում է Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի 95-ամյակը: Հոբելյանական օրվա առթիվ կանցկացվի միջոցառում, որին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկաներին կփոխանցի ՀՀ նախագահի ուղերձը:

Անցկացվում է Հայ ժամանակակից երաժշտության III փառատոնը: Այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և փառատոնի մյուս կազմակերպիչները կներկայացնեն փառատոնի մանրամասները:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն էլ կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը: Ծրագրում՝ Դեբյուսի, Պուլենկ, Ֆորե, Բերնար, Կամպո, Օհանա, Կոմիտաս:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում