Մշակույթ

Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել Մոսկվայում եվրատեսիլյան մամուլի ասուլիսը և հարցազրույցները

3 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել Մոսկվայում եվրատեսիլյան մամուլի ասուլիսը և հարցազրույցները

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած մարտերի ու դրանց հետևանքում գրանցված զոհերի պատճառով Մոսկվայում չեղյալ է համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները և ժամանցային հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Միշտ փորձել եմ ինձ համոզել, որ խաղաղությունը բացարձակ ու անխախտ արժեք է բոլորի համար: Բայց պատմական հիշողությունը, ներկայի պատկերը բոլորովին այլ բան են հուշում... Ցնցված եմ եւ դատապարտում եմ հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Աղոթում եմ խաղաղության շուտափույթ վերականգման համար... Ամուր եղեք, իմ եղբայր զինվորներ:

Այժմ Մոսկվայում եմ եւ չեղյալ եմ համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները, ժամանցային հանդիպումները, չեմ մասնակցելու նաեւ կարմիր գորգի արարողությանը... Բայց երեկոյան կփորձեմ հավաքել ուժերս եւ կատարումս նվիրել 12-ամյա Վաղինակի եւ բոլոր այն քաջերի հիշատակին, ովքեր զոհը դարձան այս ահաբեկչության: Թող երգս խաղաղության ու սիրո կոչ լինի, ձայնս հատի բոլոր սահմանները եւ կանգնեցնի չարին: Աստված մեզ պահապան»,- ասվում է գրառման մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 14 տանկ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում