ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորական միությունը հարյուր տոկոսով պատրաստ է կատարել իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԿՄ պաշտոնական դիրքորոշումը փոխանցեց միության մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը: Նա հավաստիացրեց, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարների և պաշտպանության նախարարների հետ համագործակցում է, ստանում առաջադրանքներ և իր գլխավորած կառույցի ներսում հերթին տալիս հանձնարարություններ: «Երկրապահը բանակի հիմնադիրն է, այսօր էլ բանակի ռեզերվն է, հայրենասիրական գաղափարախոսությամբ ղեկավարվող կառույց է: Ինֆորմացիային տիրապետում են ԵԿՄ-ում, և 100 տոկոսով պատրաստ են կատարել առաջադրանքը, իրենց պարտականությունները»,-ասաց Վարդան Վարդանյանը:
Հայոց ազգային գվարդիայի հիմնադիր անդամ Արշակ Զաքարյանն էլ հայտնեց, որ կամավորական ջոկատներ են ձևավորել ու սպասում են հրահանգի, որպեսզի մեկնեն առաջնագիծ: «Մենք պատրաստ ենք կատարել տարբեր հանձնարարություններ, հիմա սպասում ենք հրահանգի, որպեսզի մեկնենք: Մենք գործում ենք զինված ուժերի հսկողության ներքո և կատարելու ենք նրանց հրահանգները, ինքնագլուխ չենք գործելու»,-հավելեց Զաքարյանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական երկու ուղղաթիռ: