Բարև Հայաստան. սիրիահայ Վիգենը ցանկանում է խաղաղ տեսնել հայրենիքը ու զավակներին մեծացնել հենց այստեղ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ Վիգեն Քետիկյանը Դամասկոսում դիզայներ-ճարտարապետ էր, բայց 4 տարի առաջ պատերազմը ստիպեց նրան ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան: Այստեղ նա փոքրիկ խանութ բացել է ու զբաղվում է բիզնեսով: Նա իր ընտանիքի հետ 6 ամիս է, ինչ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Հիմա Վիգենի հետ Երևանում են ապրում մայրն ու հայրը, իսկ կինը երեխաների հետ առայժմ Ուկրաինայում է:

«Պարբերաբար գնում-գալիս եմ Սիրիա. Դամասկոսում պայմանները համեմատաբար խաղաղ են, քաղաքն էլ առանձնապես չի ավերվել, բայց տնտեսական առումով, իհարկե, տուժել եմ»,-զրույցի ընթացքում պատմեց Քետիկյանը: Նա նշեց, որ կինը և երեխաները պետք է շուտով տեղափոխվեն Երևան: Որդին 3 տարեկան էր, երբ նրանք հեռացան Սիրիայից: Հիմա ռուսերեն և ուկրաիներեն է խոսում, մի փոքր հայերեն, դպրոցում սովորում է անգլերեն ու ֆրանսերեն: Ասում է, որ եթե վերադառնան Սիրիա, երեխայի համար դժվար կլինի, քանի որ արաբերենը մոռացել է: Վիգենը պատմում է, որ իր կնոջ հայրը, ով ևս Սիրիայից է, 1980-ականներին Ուկրաինայում է հանդիպել իր ապագա կնոջը, բայց հետո վերադարձել Սիրիա:

«Վերջին 2 տարվա մեջ 5-6 անգամ մեկնել եմ նրանց մոտ, բայց անկախ Ուկրաինայի համար ծանր ժամանակներից՝ չզգացի այնպիսի դժվարին պայմաններ, ինչպես Սիրիայում էր: Կիևում չես վախենում քայլելիս ականի վրա կանգնել»,- նշում է Քետիկյանը:

Սիրիայում Քետիկյանը մասնավոր բիզնեսով էր զբաղվում` շինարարությամբ: «Պատերազմող երկրում դժվար թե մարդիկ մտածեն շինարարության ու վերանորոգման մասին: Եթե պատերազմն ավարտվի, կարծում եմ գործս այնտեղ կրկին կծաղկի»,- հույսով հայտնեց նա: Ասում է, սակայն, որ Հայաստանում շինարարությամբ չի կարող զբաղվել նույն ազատությամբ, քանի որ Սիրիայում բիզնեսն ավելի մեծ էր: Լեզվային խոչընդոտները ևս խանգարող հանգամանք են. Հայաստանում այդ ոլորտում առավել գործածական են ռուսերեն եզրույթները, թեպետ նա արդեն լրացնում է ռուսերենի իր գիտելիքները:

Նա 3-4 ամիս է, ինչ Հայաստան է ներկրում սիրիական բամբակյա հագուստ ու գործվածքներ, զուգահեռ շարունակում է արտասահմանից դիզայնի օնլայն պատվերներ ստանալ և ուղարկել: Նկատել է, որ Հայաստանյան շուկայում որակյալ հագուստի պակաս է զգացվում, ապրանքների մեծ մասն էլ ներկրված է Թուրքիայից: Հույս ունի, որ այս գործն առաջընթաց կապրի, Հայաստանում կտիրի խաղաղություն, ու նրանք ստիպված չեն լինի տեղափոխվել Ուկրաինա կամ որևէ այլ տեղ:

«Պապերս 1915 թ. դեպքերից հետո են գաղթել Սիրիա, հիմա էլ մենք ստիպված լքել ենք մեր տունը: Չենք ցանկանա, որ մեր թոռները տարիներ անց ստիպված լինեն նույն ուղով անցնել»,- ասում է Վիգենը: Նրա հայրն էլ, ով մասնագիտությամբ ոսկերիչ է, շատ է ուզում մնալ Հայաստանում:

Որոշ սիրիահայեր Երևանում բախվել են տարբեր դժվարությունների, բայց մեր հերոսը առանձնապես չի բողոքում: Նշում է միայն, որ բարդությունները կապված են ներկրվող ապրանքների մաքսազերծման ծախսերի հետ՝ Հայաստանում բավականին թանկ են` ի տարբերություն Սիրիայի կամ այլ երկրների: Վիգենը հիշում է, որ այդ հարցում ձմռան ամիսներին բարդություններ են եղել, սակայն հույս ունի, որ ամռանը վիճակը կբարելավվի: «Մինչև հիմա վնասով ենք աշխատել, բայց խանութը սկսել է անուն հանել. թափ հավաքելու համար ժամանակ է հարկավոր, մենք ջանք չենք խնայում այդ հարցում: Երբ բիզնեսը կայունանա, կարծում եմ, Հայաստանում էլ շինարարական գործունեություն կծավալեմ»,- լավատեսորեն տրամադրված ասաց Վիգենը: Նա նաև հավելեց, որ Երևանում էլ նրանց առաջին իսկ օրվանից շատ լավ են վերաբերվել, պատահում է միայն, որ արևմտահայերենը դժվարությամբ են հասկանում:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում