Սպասվող լրահոս. 01.04.2016
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ներկայացնում է 2016 թվականի աշխատանքները: Այսօր` ապրիլի 1-ին, ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կխոսի կատարված ուսումնասիրությունների, սպասվող գիտաժողովների, նախատեսված նոր հրատարակությունների մասին: Նա նաև կանդրադառնա տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Տարածաշրջանային զարգացումերի թեման կշարունակվի ղարաբաղյան հակամարտության հարցի շեշտադրմամբ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կխոսի ղարաբաղա-ադրեբջանական հակամարտության նոր զարգացումներից։
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են: Թեմայի վերաբերյալ այս անգամ բանավիճելու են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը և ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Քննարկումների օրակարգում կրկին «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի արդիականացման հարցն է: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, «Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, «Ավիատորների ազգային ասոցիացիա»-ի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանը իրենց դիտարկումները կներկայացնեն կլոր մասնաշենքի արդիականացման նոր նախագծի վերաբերյալ:
Կոռուպցիոն ռիսկերը դատական համակարգում և հոգեորսությունը Հայաստանում: Երկու բոլորովին տարբեր թեմաներ, որոնց պատրաստվում է անդրադառնալ «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա»-ի նախագահ, «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոն»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Ապրիլի 2-ն աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Ինչպե՞ս է Հայաստանում իրականացվում աուտիզմով հիվանդ երեխաների բուժումը եւ վերականգնումը, ի՞նչ խնդիրների են բախվում նրանք: Օրվան ընդառաջ թեմայի վերաբերյալ կխոսի կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Հայաստանի հանքային ջրերի բազմազանությունը, կիրառման հիմնավորումները, ոլորտները, օգտակարությունն ու բուժիչ հատկությունները: ՀՀ գլխավոր գաստրոէնտերոլոգ Էդուարդ Գրիգորյանը և Բնական բուժական ռեսուրսների հետազոտման և էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար Կարինե Մայսուրյանը կխոսեն հանքային ջրերի կարևորության մասին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 1-ին երկարատև դադարից հետո կներկայացվի Վ.Բելլինիի «Նորմա» աշխարհահռչակ օպերան: Ներկայացումը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: