Սպասվող լրահոս. 25.03.2016
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` մարտի 25-ին, Հայաստան է ժամանում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նա կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և, ծաղկեպսակ դնելով, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախատեսված է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Մարտի 25-ը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է: Նա կյանքի 56-րդ տարում սրտի կաթվածից տանը հանկարծամահ էր եղել: Մահվան օրվա կապակցությամբ երկրի բարձրաստիճան պաշտոնյանենրը կայցելեն Կոմիտասի անվան այգու պանթեոն:
ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խումբը ՀՀ-ում նշանակալի ներդրում ունեցող իտալական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպում է «Հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում: Հետաքրքրական է, որ քննարկումն անցկացվում է Ավշարի գինու գործարանում :
Ի՞նչ իրավիճակ է տիրում անշարժ գույքի շուկայում, արդյո՞ք գնային տատանումներ նկատվում են, Երևանի ո՞ր հատվածներում են ամենաթանկ տները: Անշարժ գույքի շուկայի վերջին վերլուծությունն այսօր կներկայացնեն մասնագետները: Տեղի կունենա «Անշարժ գույքի շուկայի վերլուծության» հերթական տպագիր թողարկման պաշտոնական շնորհանդեսը՝ Հայաստանի բանկերի միության և «Օլիվեր Գրուպ» գնահատման գործակալության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում:
Այսօր կայանալու է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) 16-րդ համագումարը: Համագումարի շրջանակում կներկայացվի «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագիրը, համագործակցության հուշագիր կստորագրվի կառավարության հետ:
Զատկի տոնին ընդառաջ՝ հավկիթի շուկայում տիրող իրավիճակի մասին կխոսեն «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը, «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանը և մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ու «Արարատ» երիտասարդական միության անդամ Տաթև Ղազարյանն էլ կներկայացնեն Սուրբ Հարության տոնի խորհուրդը:
Մարտի 27-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր: Տոնին ընդառաջ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղ.ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն ու Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանը կանդրադառնան օրվա խորհրդին, կներկայացնեն թատերական արվեստի նախորդ տարվա ձեռքբերումները, կխոսեն նոր ներկայացումների ու ապագա ծրագրերի մասին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: