Արա Պապյանը ռուս-թուրքական լարվածության խորացում է կանխատեսում
4 րոպեի ընթերցում
![Արա Պապյանը ռուս-թուրքական լարվածության խորացում է կանխատեսում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/02/836799.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն անմասն չէ Սիրիայում ընթացող հակամարտության շուրջ ռուս-թուրքական լարվածության համատեքստից, իրադարձությունները կամ մեր օգտին են, կամ մեր դեմ. համոզված է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Անդրադառնալով Ռուսաստանում Մոսկվայի 1921 թ. պայմանագրի չեղարկման կոչերի ընձեռած հնարավորությանը՝ Արա Պապյանն ընդգծեց, որ հատկապես այս առումով բավական լավ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար. այն պետք է հնարավորինս օգտագործել:
Արա Պապյանի կարծիքով՝ ռուս-թուրքական ներկա լարվածությունը կխորանա, թեև դասական ցամաքային պատերազմի չի վերածվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքագետը թեև տրամաբանական է համարում այն կոչերը, որ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, սակայն դա անհնար է ռուսական ռազմաբազայի առկայության, ինչպես նաև սիրիական հակամարտության մեջ Սփյուռքի ներգրավվածության առումով: «Բացի այդ, Թուրքիան և մնացյալ աշխարհը Հայաստանին չեն ընկալում որպես չեզոք կողմ, այլ դիտարկում են որպես Ռուսաստանի դաշնակից՝ հաճախ, սակայն, ուռճացնելով այդ դերը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արա Պապյանը:
Բանախոսը համաձայն չէ նաև այն տեսակետին, թե Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի չեղարկման մասին խոսելու պարագայում Հայաստանը անվտանգության խնդիրներ կունենա, որովհետև եթե Թուրքիան Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն ունենա, կանի դա առանց Երևանից հնչող այդ կոչերի:
Արա Պապյանը համոզված է՝ թեև շատ բան մեզնից կախված չէ, սակայն պետք է ամեն դեպքում Ռուսաստանում ակտիվացնել աշխատանքները: «Անհրաժեշտ է օգտվել ժամանակային պատուհանից, ներկայացնել մեր շահերը, ռուսական կառավարական և հասարակական շրջանակներին ցույց տալ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անօրինականությունը, ինչպես նաև մեծացնել մեր պաշտպանունակությունը»,- ընդգծեց նա:
Պատասխանելով հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում Նախիջևանի տարածքով Իրան-Հայաստան երկաթուղու վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ Արա Պապյանը նշեց, որ դա Հայաստանի միակ հնարավորությունն է՝ խուսափելու տարածաշրջանային լիակատար մեկուսացումից: Նա անիրատեսական է համարում Սյունիքի տարածքով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հնարավորությունը՝ նախևառաջ տեխնիկական անհնարինության, ինչպես նաև ֆինանսական մեծ ծախսերի պատճառով: Դրա փոխարեն Արա Պապյանի համոզմամբ, Հայաստանը պետք է շտապի և քայլեր ձեռնարկի նախիջևանյան երկաթուղու վերագործարկման ուղղությամբ նախքան իրանա-ադրբեջանական Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման ավարտը, որի` ադրբեջանական հատվածի ֆինանսավորումն ի դեպ, իրականացնում է ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:
«Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային մակարդակով հանդես գալ Նախիջևանի երկաթուղու գործարկման կառուցողական առաջարկով՝ «Հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հաստատման» ձևակերպմամբ: Եթե Ադրբեջանը հրաժարվի, ապա Հայստանը պետք է հայտարարի, որ դա իր միակ ելքն է տարածաշրջանային մեկուսացումից խուսափելու համար, և վերահսկողության տակ վերցնի Նախիջևանը: Դա գուցեև սխալ տարբերակ է, սակայն նման է վիրահատական անխուսափելի միջամտության, հակառակ դեպքում այլընտրանքը հիվանդի դանդաղ մահն է»,- եզրափակեց Պապյանը: