«Բարեւ Հայաստան». Սիրիահայ Վիգենը Հայաստանից մեկնեց Հոլանդիա ու հասկացավ, որ Երեւանից լավ տեղ չկա

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե չորս տարի առաջ Վիգեն Փիլիպոսյանին ասեին, որ Հալեպից գալու է Երեւան եւ սկսելու է խոհարարությամբ զբաղվել, փոքրիկ սրճարան է ստեղծելու ու նոր ճաշատեսակներ հորինելու, ոչ ինքը կհավատար, ոչ էլ ընտանիքը: Հալեպում կարի արտադրամաս ու կենտրոնական փողոցում երեք հսկայական խանութ ունեցող Վիգենը Սիրիայում համարվում էր հաջողակ գործարար, սակայն Երեւանում հայտնվեց փաստի առաջ. հարկավոր էր ամեն ինչ սկսել զրոյից:

Չորս տարի առաջ Հայաստան եկավ ընդամենը երկու շաբաթով` Հալեպում թողնելով ամեն ինչ: Այժմ հսկայական արտադրամասն ու խանութները փլատակ են, ապրանքներն ու արտադրամասերը` թալանված:

«Մենք չէինք ենթադրում, որ Սիրիայում պատերազմն այսպես կլիներ, այսքան կձգվեր: Մենք եկանք Երեւան եւ օդանավակայանը փակվեց: Հալեպ վերադառնալն անհնար էր եւ մնացինք այստեղ»,- ասում է Վիգենը:

Շուրջ մեկ տարի Վիգենը Երեւանում տարբեր գործեր է կատարել, փորձել է բիզնես դնել, սակայն հաջողության չի հասել: Շատերի պես նա էլ հիասթափվել ու որոշել է բախտ փնտրել Եվրոպայում. ընտանիքով մեկնել են Եվրոպա, հաստատվել Նիդերլանդներում: Սակայն այնտեղ երեք ամիս ապրելուց հետո հասկացան` Երեւանից լավ տեղ չկա: «Երեք ամիս անց, երբ պետք է կացության համար փաստաթուղթ տային, մենք հասկացանք, որ նախընտրում ենք ապրել Երեւանում եւ չլինել փախստական Եվրոպայում»,- ասում է Վիգենն ու հավելում, որ Եվրոպա մեկնելը համարում է կյանքի փորձ եւ շեշտում, որ սխալներից դասեր է քաղել: «Եթե չգնայինք, միշտ մտածելու էինք, որ դրսում ավելի լավ է լինելու, իսկ այս կերպ գիտենք, որ Երեւանից լավ տեղ չկա»,- ասում է Վիգենն ու նշում, որ Երեւանում նոր կյանք սկսելու երկրորդ փորձն ավելի հաջող էր:

Ասում են` գործարարը գործարար է ամենուր, իսկ պրոֆեսիոնալ գործարարը կարող է ցանկացած միջավայրում եւ իրավիճակում էլ բիզնես ստեղծել: Երեւանում Վիգենը հիշում է մորական պապիկին, ով Սիրիայի բանակի խոհարարն էր: Վիգենի զինվորական ծառայությունն անցել է պապիկի կողքին` զինվորական ճաշարանում. հենց այդտեղ էլ սովորել է վայրկյանների արագությամբ սոխը մանրացնել, համեմունքները միմյանց խառնելու եւ համեղ ուտեստ ստեղծելու արվեստը: Երեւանում Վիգենը հիմնում է փոքրիկ սրճարան` «Թաուկ»: Սրճարանի գլխավոր ուտեստն էլ կոչվում է Թաուկ: Հավից պատրաստվող ուտեստի բաղադրատոմսը հորինել է Վիգենը, անվանումը` նույնպես: Սրճարան այցելողները, որոնք օրեցօր շատանում են, խոստովանում են, որ թաուկը լուրջ մրցակից է շաուրմային:

Վիգենը շեշտում է, որ ցանկացած աշխատանքում հաջողության հասնելու համար հարկավոր է սեր դնել, պայքարել, հավատալ քո ուժերին ու շատ աշխատել: Այժմ Վիգենը օրական տասնչորս ժամ աշխատում է. ինքը սրճարանի տնօրենն է, խոհարարը, հավաքարարն ու մատուցողը… Ասում է` փորձել է «Թաուկ»-ը դարձնել լուսավոր մի վայր, որտեղ մարդիկ կնախընտրեն ընդմիջում անել, երեկոյան ժամանակ անցկացնել ու վայելել սիրիական ուտեստներ:

«Ամեն ուտեստի մեջ պետք է սեր դնել: Ինձ հաճախ հարցնում են, օրական հարյուրավոր ուտեստ ես պատրաստում, դժվար չէ՞ այդքան սեր ներդնել: Ես պատասխանում եմ` ոչ: Սերը սիրով է ավելանում, ինչքան շատ ես սեր դնում, այնքան շատ ստանում ես»,- ասում է Վիգենն ու հավելում, որ հաճախորդներից միայն դրական արձագանք է ստացել, շատերը բաղադրատոմսերն են հարցնում, երբեմն էլ ճշտում, թե ինչ համեմունքներ է օգտագործել:

Վիգենը պատմում է, որ պատերազմն ու անընդհատ տեղափոխություններն իր ու ընտանիքի անդամների բնավորության մեջ բավական փոփոխություններ են մտցրել: Դրանցից ամենաէականն այսօրվա օրով ապրելն է: «Մեզանից ոչ ոք ապագայի մասին չի մտածում, թե ինչ կլինի վաղը, ինչ կլինի մեկ շաբաթից ոչ ոք չգիտի, մենք չենք մտածում, թե վաղը ինչ ենք անելու կամ որտեղ ենք ապրելու»,- ասում է Վիգենն ու հավելում, որ Սիրիայում պատերազմն ապացուցեց, որ արկի մեկ պայթյունը կարող է ի չիք դարձնել ցանկացած երազանք ու նպատակ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում