Հասարակական

Օշականում Մայրենիի տոնի մասնակիցները ծաղիկներ են դրել Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին

3 րոպեի ընթերցում

Օշականում Մայրենիի տոնի մասնակիցները ծաղիկներ են դրել Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օշականում փետրվարի 21-ին մեծ հանդիսավորությամբ նշվել է Մայրենիի օրը, որն ամեն տարի ավանդաբար անցկացվում է սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, լեզվաբաններ և գրականագետներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ողջունել և Մայրենիի օրվա առթիվ ՀՀ Նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Տոնի առթիվ միջոցառման մասնակիցներին շնորհավորել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշել է. «Ինչպես գիտեք, 1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենիի միջազգային օր, որը 2005 թվականից իր արժանի տեղն ունի ՀՀ պետական տոնացույցում: Լեզուն ազգի գոյատևման հիմքն է: Պետք է պահել ու պահպանել մայրենին: Հատկապես Սփյուռքում լեզուն հային հայ պահելու կարևորագույն գործոն է: Այն անփոխարինելի է ազգային միասնությունը պահպանելու և պետականությունը զարգացնելու գործում և պետք է մշտական հոգածության առարկա լինի: Անհրաժեշտ է հասարակական գիտակցության մեջ ամրապնդել այն միտքը, որ մեր լեզուն միայն հայերիս է պատկանում և միայն մեզնից է կախված նրա պահպանությունը, նրա մաքրությունը, նրա գործածության սահմանները: Այդ առումով շատ եմ արժևորում երիտասարդների, երեխաների մասնակցությունն այս միջոցառմանը»:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին:

Եկեղեցուն կից դպրատանը կայացել է մայրենիի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Հայոց լեզվին նվիրված ասմունքով և երգով հանդես են եկել Օշականի՝ Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի սաները: Ելույթ են ունեցել պարսիկ, արաբ և հնդիկ ուսանողները: Մայրենիին նվիրված միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթը:

Այնուհետև միջոցառման մասնակիցները այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարան և ծաղիկներ են դրել Մ. Մաշտոցի արձանի մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում