Կարծիքներ

Սիրիայում կրակի ամբողջական դադարեցում չի լինի. Սարգիս Գրիգորյան

3 րոպեի ընթերցում

Սիրիայում կրակի ամբողջական դադարեցում չի լինի. Սարգիս Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Սիրիայում կրակի դադարեցման հարցի շուրջ, միևնույն է, դա գործնականում ամբողջությամբ տեղի չի ունենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը` մեկնաբանելով Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պայմանավորվածությունը: «Բանակցային գործընթացում հնարավոր է նկատել որոշակի տեղաշարժ: Ամեն դեպքում, գերտերությունների մոտեցումներում առաջընթաց արդեն կա, բայց կրակի դադարեցման առումով իրավիճակը խնդրահարույց է:

Ինչպես գիտենք, հայտարարություն եղավ, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը չի վերաբերում «Իսլամական պետություն» և «Ջաբhաթ ալ- Նուսրա» կառույցներին: Մտավախություն կա, որ նրանք շարունակելու են մարտերը, նրանք ի սկզբանե դեմ են եղել խաղաղ կարգավորման գործընթացին»,-ասաց Սարգիս Գրիգորյանը: Թուրքիային, Սաուդյան Արաբիային և որոշ այլ երկրներին ձեռնտու չեն խաղաղ բանակցությունները, հետևաբար, ըստ արաբագետի, սպասենք նրանց կողմից խոչընդոտների: Դա, իհարկե, կախված կլինի այն հանգամանքից, թե այդ երկրները որքանով ներգրավված կլինեն բանակցային գործընթացում, ինչպես նաև ցամաքում տիրող իրավիճակից, մասնավորապես, ռուսական ավիացիայի հարվածների հնարավոր դադարեցումից:

Արաբագետի կարծիքով, առաջիկայում ևս մարտերը շարունակվելու են: Սիրիական կառավարական ուժերը լուրջ առաջընթաց են գրանցում Հալեպ նահագնում, և հավանական է, որ այդ մարտերը շարունակվեն: Ըստ Սարգիս Գրիգորյանի` Սիրիայի որոշակի հատվածներում, ամեն դեպքում, կրակի դադարեցում կլինի միջանցք բացելու համար, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի բնակիչներին:

«Հետևում էի ընդդիմադիր կայքէջերում ծավալվող քննարկումներին: Արձագանքներն այսպիսին էին` Հալեպի այն հատվածներում, որոնք վերահսկում են ընդդիմադիրները, ցույցեր են կազմակերպվել, կոչեր հնչեցվել, որ ընդդիմադիրները պետք է միավորվեն, ստեղծեն Հալեպի ընդհանուր բանակ, պայքարեն կառավարական ուժերի դեմ ու չնայեն կրակի դադարեցման կոչերին: Փաստորեն, դեռևս կա զանգված, որը փորձում է ռազմական բնույթ տալ այս ամենին, թեժանցնել իրավիճակը: Մենք գիտենք, որ Հալեպում հայկական թաղմասերը մոտ են այդ հատվածներին և ռմբահարման վտանգի տակ են: Պետք է զգույշ ու զգոն լինել»,-ասաց արաբագետը: Ինչ վերաբերում է Սիրիայի մյուս հայաշատ վայրերին, ապա, Սարգիս Գրիգորյանի խոսքով, Լաթաքիայի որոշ մասերում մարտեր կան, բայց կառավարական ուժերը լուրջ հաջողություններ են գրանցում: Քեսաբի հետ կապված՝ ըստ արաբագետի, վտանգ կարող է լինել Թուրքիայից: Հատկապես այն պայմաններում, երբ Թուրքիայի գործողությունները ձախողվում են Սիրիայում, իսկ Էրդողանից ամեն ինչ սպասելի է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում