ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը, ով հայտնի է թուրքական իշխանական շրջանակներին հարող տրամադրվածությամբ, կողմ է քվեարկել ԵԽԽՎ-ում բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական ձախողված զեկույցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքից, Մարգար Եսայանը ԵԽԽՎ-ում ներկայացված Թուրքիայի մյուս խորհրդարանականների նման կողմ է քվեարկել ադրբեջանամետ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեցբրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր:
Ի դեպ, Եսայանը կողմ է քվեարկել նաև Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցին, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով:
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչները: