Քաղաքականություն

Եվրոպացի պատգամավորները վստահ են` ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է թողնել Մինսկի խմբին

3 րոպեի ընթերցում

Եվրոպացի պատգամավորները վստահ են` ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է թողնել Մինսկի խմբին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանկաան վեհաժողովը պետք է զգույշ լինի իր միջամտություններում ու ձևակերպումներում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հակահայկական զեկույցների քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց գերմանացի պատվիրակ Աքսել Ֆիշերը՝ ելույթ ունենալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության անունից: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարագավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և մենք պետք է զգույշ լինենք մեր ձևակերպումներում ու միջամտություններում: Ես մի անգամ Հայաստանում ասել եմ, որ հիանալի օրինակ է այն հանգամանքը, թե ինչպես Ֆրանսիան ու Գերմանիան կարողացան երկխոսության ուղիներ գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ այդ երկու երկրների ժողովուրդներն ատում էին միմյանց: Ես ցանկանում եմ նույն բանը տեսնել Հայաստանի և Ադրբեջանի ապագա սերունդների համար, որ նրանք կարողանան միմյանց ձեռք մեկնել և կառուցել իրենց ապագան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ֆիշերը:

Եվրոպայի պահպանողականների խմբի անդամ Ջոն Հաուերն էլ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացը կարգավորելու առաքելությունը: «Ես գիտակցորեն եմ մոտենում այն հայտարարությանը, որ ասվում է, թե ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը վերջին քսան տարիներին դանղաղ է գրանցվում: Բայց եկեք չմոռանանք, որ Մինսկի խումբը գրանցել է նաև հաջողություններ: Հենց Մինսկի խմբի շրջանակներում է, որ պետք է հնարավորություն տրվի լուծելու հարցը, Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակելու գործընթացը: Մենք այստեղ չենք հավաքվել, որ կասկածենք՝ ինչու է ստեղծվել Մինսկի խումբը կամ ինչպես պետք է լուծեն կողմերը հակամարտությունը».- ասաց պատգամավորը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեցբրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր:

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները (Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»և բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցները) քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվում Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում