ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության ձևաչափի վերաբերյալ չկա վերջնական որոշում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն շարունակում են քննարկել համագործակցության հեռանկարները, վերջնական որոշում համագործակցության ձևաչափի վերաբերյալ դեռ չկա: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Որեւէ մեկը, թե իշխանական ճամբարում, թե՛ ընդդիմադիր ճամբարում հայտարարություն չեն արել, որ կոալիցիա է ձեւավորվելու: Տեղի են ունենում հանդիպումներ, զրույցներ տարբեր քաղաքական ուժերի հետ, ինչը նորություն չի: Քաղաքական գործընթացն առաջիկայում կշարունակվի, վերջնական որոշումներ կայացված չեն: Տեղի է ունեցել նախագահի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում, որոնց վերջնական արդյունքները հստակեցված չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելիքյանը:
Նրա խոսքով՝ կոալիցիա ստեղծելու մասին խոսակցությունները դեռեւս օդում են: «Խոսքը գնում է քաղաքական համագործակցության մասին, որը միտված է քաղաքական և տնտեսական կայունության ապահովմանը: ՀՀԿ-ն վստահում է բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր փորձում են համագործակցության կոչով հանդես գալ, իսկ մնացածը կերեւա նրանց կողմից կատարվող աշխատանքներից: Ցանկացած քաղաքական համագործակցություն որեւէ երկրում վերջին հաշվով ժամանակավոր բնույթ է կրում, դրանք լիում են ընտրություններից առաջ, կոալիցիաների ձեւավորումը ընտրություներից առաջ եւ հետո է լինում՝ մինչեւ հաջորդ ընտրություները: Եթե որեւէ քաղաքական ուժի ծրագրային հիմնադրույթները բխում են մեր քաղաքական ուժի ծրագրային դրույթներից, մենք վստահում ենք այդ քաղաքական ուժին»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՅԴ-ի հետ համագործակցության հեռանկարներին՝ Գագիկ Մելիքյանը կարծում է, որ ՀՅԴ-ի հայտնի 7 կետերի մի մասն արդեն իրագործվել է: «Ես ողջունում եմ, որ «Դաշնակցություն»-ը համառորեն գնում է իր քաղաքական հայտարարությունների հետևից եւ այն հայտնի կետերի իրագործմանը: Այդ առումով դրանց մի մասը համընկնում էր մեր ծրագրային հիմնադրույթների հետ: Դրանց իրականցման ճանապարհին բավական լուրջ աշխատանքներ կատարվել են: Կարծում եմ նաեւ, որ ցանկացած քաղաքական ուժի քաղաքական նպատակ պետք է դարձնի իրենց ծրագրային հիմնադրույթների համապատասխանեցումը իշխանական ուժի ծրագրային հիմանդրույթներին: Կարծում եմ դա իրենց գործը կհեշտացնի: «Դաշնակցություն»-ը ճիշտ ճանապարհ է ընտրել»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հունվարի 21-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են համագործակցության հնարավորությունները, սակայն վերջնական որոշում դեռ չկա համագործակցության ձևաչափի վերաբերյալ: