Բանաստեղծությունը իր լեզվական տեղանքի էնդեմիկ բույսն է. Հակոբ Մովսես

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը (Հակոբյան) ակտիվ ստեղծագործական և թարգմանական գործունեություն է ծավալում. առաջիկայում հանրությանը կներկայացնի նոր ժողովածու և Նիցշեի ստեղծագործությունները` հայերեն թարգմանությամբ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով Հակոբ Մովսեսը «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է պետական մրցանակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում գրողը խոսել է պարգևի, նոր ստեղծագործությունների և գրականության արդի միտումների մասին:

Հակոբ Մովսեսը`«Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի մասին

2013 թվականին է լույս տեսել: Գիրքն առայժմ իմ վերջին բանաստեղծական ժողովածուն է, որը գրվել է երեք-չորս տարվա ընթացքում: Նոր բանաստեղծություններ են: Ինձ համար այս գիրքն արժեքավոր է նրանով, որ ես փորձեցի գրել դասական միջոցներով: Մեզ թվում է, թե հանգի հնարավորությունները սպառված են, բայց այդպես չէ: Վերնագիրը խորհրդանշում է երկու բան: Յոթներորդ` որովհետև սա իմ յոթներորդ գիրքն է: Որսորդություն` որովհետև գրքում մի փոքրիկ որսորդական թեմա կա` բանաստեղծ-որսորդը դուրս է գալիս բառերի, տեսիլքների, պատկերների որսի, իսկ թե ինչ է կարողանում որսալ ու ինչ է հնարավոր բառերով որսալ, բանաստեղծության մեծ հարցականներից է:

Տպագրվելուց հետո գիրքը երկար ժամանակ ձեռքս չեմ վերցրել, հիմա վերջին 15-20 օրերին ընթերցում եմ: Սովորաբար բանաստեղծներին հարցնում են` կարողացե՞լ եք անել այն, ինչ ուզում էիք, բանաստեղծները խորամանկ պատասխաններ են տալիս: Մեկն ասում է` ոչ, ես ինչե~ր կարող էի անել, բայց հնարավորություններ ու ժամանակ չունեցա: Ես պետք է ասեմ, որ այս գրքով արել եմ այն, ինչ ցանկացել եմ: Երեք տարվա ընդմիջումից հետո կարդում եմ ու հասկանում, որ կարող եմ սա ասել: Գիրքն արտահայտում է իմ կարողություններն ու այն, ինչ Աստված ինձ տվել է:

Պարգևների, մրցանակների մասին

Մրցանակները 18-րդ դարից գոյություն ունեն, հին աշխարհում էլ դափնիներով էին պսակում պոետներին: Առանձնապես ստեղծագործական նշանակություն չունեն: Ունեն ճանապարհիդ ինչ-որ հատվածում ինչ-որ մեկի` տվյալ դեպքում պետության կողմից քեզ մատնացույց անելու նպատակ: Իհարկե, դա ոչ մի բան չի նշանակում: Կարող են մատնանշել նաև շատ աննշան, ոչ մի արժեք չունեցող բաներ:

Համենայն դեպս, լավ է, որ պետությունն իր արվեստագետին, գիտնականին, մշակույթի գործչին մատնանշում է: Դրանով երևի թե ուզում է ասել, որ ինքն իր գործառույթների մեջ նաև մշակութային կողմ է տեսնում: Ի՞նչ է պետությունը, եթե ոչ մշակույթի արտահայտություն: Իսկ եթե մշակույթի արտահայտություն չէ, բանի պետք չէ:

Բանաստեղծությունը պետք է բանաստեղծություն լինի

Մեր բանաստեղծությունը տարբեր ուղղություններ, տարբեր միտումներ ունի: Ես բոլոր միտումների, նպատակների կենտրոնում հիմնական մի նպատակ եմ դրել` բանաստեղծությունը պետք է բանաստեղծություն լինի: Իմ առաջին խնդիրը դա է: Միայն դրանից հետո այն կարող է ինչ-որ ֆունկցիաներ, գեղագիտական գործառույթներ, բաղադրիչներ ունենա: Ես կուզենայի, որ իմ բանաստեղծությունն առաջին հերթին ընկալվի որպես բանաստեղծություն, ինչպես աղն է ընկալվում որպես աղ, ոսկին`իբրև ոսկի: Աղն ու ոսկին, իհարկե, կարող են ֆունկցիաներ ունենալ, բայց մենք ոսկին նրա համար չենք սիրում, որ ֆունկցիաներ ունի, սիրում ենք, որովհետև ոսկի է:

Կեսդարյա գործունեություն և սիրելի գործ

Դպրոցական տարիքից բանաստեղծություններ եմ գրել: Երբեք չեմ մտածել, որ պետք է բանաստեղծությունից ինձ հեռու պահեմ, միշտ դրա մեջ եմ եղել, անգամ եթե եղել են շրջաններ, երբ գործի բերումով բանաստեղծություն գրելու հնարավորութություն չեմ ունեցել: Բայց բանաստեղծության բզզոցը միշտ ականջիս մեջ է եղել:

Բանաստեղծության ծնունդ ու երկու նախապայման

Ամեն մեկի մոտ մի ձևով է բանաստեղծությունը ծնվում: Բանաստեղծությունը կարող է ծնվել մի հնչյունից, մի հանդիպումից, մի հեռախոսազրույցից: Ինձ համար երկու պայման պետք է լինի բանաստեղծություն գրելու համար: Առաջին` այդ օրվա մեջ կատարյալ կենցաղային անհոգություն. ես պետք է ուրիշ բանի վրա ուշադրություն չդարձնեմ, մտասևեռումս պետք է լինի միայն դրա վրա: Երկրորդ ` գոնե բանաստեղծության կեսը գլխումս պետք է գրված լինի: Եթե այդպես է, ուրեմն մնացածն ինքըստինքյան ստացվում է:

Արձակում, պոեզիայում լավ անուններ ունենք…

Շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնց հետևում եմ: Բայց ընդհանրապես ավելի լավ կլինի անուններ տալու փոխարեն միտումների մասին խոսեմ: Մեր այսօրվա գրականությունը կամա թե ակամա հայտնվել է բացարձակ ազատության մեջ: Սրանից 20-30 տարի առաջվա սովետական գրականության գաղափարախոսական, ֆունկցիոնալ, գլավլիտային ոչ մի խոչընդոտը չկա: Սա բացարձակ արժեք է, բայց և շատ վտանգավոր բան, որովհետև ուրիշ բան է ինչ-որ բանից ազատ լինելը, ուրիշ բան է` հանուն ինչի ենք այդ բանից ազատ: Ժամանակակից գրողներին մնում է պատասխանել վերջին հարցին: Երկրորդը մշակութաբանական հարց է: Եթե մենք գտնենք այսօրվա համաշխարհային գրականության մայրերակներն ու զարկերակների վրա մեր մատները դնելու կարողությունը ձեռք բերենք և այդ ռիթմերը տեղափոխենք մեր լեզվի, մեր մշակույթի, մտածողության, կենսաբանության մեջ, մի 10-20 տարի հետո կունենանք շատ ուժեղ գրականություն, ինչպես 20-րդ դարի սկզբին ունեինք: Բայց եթե դրանք մեր լեզվի հետ զոդման, եռակցման ձևերը գտնենք: Եթե չգտնենք, կմնանք կամ որպես ընդօրինակող, կամ մեզնից դուրս որևէ բան չտեսնող գավառական թույլ գրականություն:

Բանաստեղծությունը` մշակութաբանական երևույթ

Մենք բանաստեղծություն ասելով՝ պատկերացնում ենք մեր զգացմունքները, ներաշխարհը, հարաբերությունները պատկերող մի բան: Իհարկե, դա էլ է բանաստեղծություն: Բայց բանաստեղծությունն առաջին հերթին մշակութաբանական երևույթ է: Տերյանին, Թումանյանին, Չարենցին իբրև զգացմունքների պոռթկումներ կամ իրենց զգացմունքներն արտահայտող բանաստեղծներ պատկերացնելը շատ նեղացնում է նրանց սահմանները. կան գոյաբանական, մշակութաբանական, առասպելաբանական, պատմական շերտեր: Ես կարծում եմ, որ Չարենցից հետո մեր բանաստեղծությունն իր մշակութաբանական ծանր քաշը կորցրեց: Շատ հանգամանքներով կարելի է բացատրել սա: Մեր բանաստեղծությունը դարձավ բանահյուսական, աշուղական, ինչը կարելի է ապացուցել, օրինակ, հանգավորման համակարգը ցույց տալով:

Բանաստեղծությունը դարձավ մերկ և մերկանտիլ զգացմունքների արտահայտման հասարակ միջոց: Ուրիշ բան է լավ բանաստեղծությունը, ուրիշ բան է բանաստեղծությունը որպես մշակութաբանական հասկացություն: Դա վերականգնվեց մեզ մոտ 60-70-ականներից: 60-70-ականներին մի սերունդ եկավ` Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, որոնք փորձեցին բանաստեղծությունը մշակութաբանական շերտի մեջ տանել: Այսօր գործընթացը շարունակվում է:

Էնդեմիկ երևույթ

Ես գիտեմ , որ բուսաբանության մեջ մի տերմին կա` էնդեմիկ: Էնդեմիկ կոչվում են այն բույսերը, որոնք աճում են միայն տվյալ տեղանքում: Բանաստեղծությունն իր լեզվական տեղանքի էնդեմիկ բույսն է, կապված է միայն և միայն լեզվի հետ: Թարգմանությունները սոսկ լուսավորչական նշանակություն ունեն: Իհարկե, կան գլուխգործոցներ, հաջողված թարգմանություններ: Ինքս թարգմանություններով եմ զբաղվում:

Սեր գերմանական գրականության նկատմամբ

Այս սերը երևի առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ եվրոպական մշակույթի մեջ ես գերմանականը համարում եմ միակը, որը մորֆոլոգիապես մոտ է մեզ, մեզ հարազատ է և նույն ծագումն ունի, ինչ հայկականը: Գերմանական մշակույթը եվրոպական մշակույթի մեջ ամենաբնականն է: Աբովյանից մինչև Թումանյան և Չարենց` մերոնք բոլորը կապված էին գերմանական գրականությանը: Դրա պատճառը ես համարում եմ այն, որ գերմաներենը հայերենի նման հունական քերականական համակարգի միջավայրում է ձևավորվել:

Գերմանացի հեղինակներից թարգամանել եմ Ֆրիդրիխ Հյոլդեռլինի բանաստեղծական ժառանգության մեծ մասը, Գեորգ Թրակլի գրեթե ամբողջ պոեզիան, Ռայներ Մարիա Ռիլկեից մի ժողովածու: 25-30 տարի Նիցշեի թարգմանություններով եմ զբաղվել, նրա փիլիսոփայական ժառանգության ավարտուն մասը գրեթե թարգմանել եմ: Հիմա «Անտարես» հրատարակչությունը չորս հատորով դա լույս կընծայի, եթե ավարտեմ` այս տարի: Գոնե մի երկու հատորն այս տարի կլինի:

Այս տարի իմ բանաստեղծությունների մի գիրք կհրատարակեմ, կոչվում է «Շարական», «Յոթներորդ որսորդության» ուղիղ հակադրությունն է, գրված է միանգամայն ազատ բանատողով, պատկերային և մետաֆորիկ ժամանակակից բանաստեղծության տիպիկ ընկալումներով:

Զրույցը` Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն English

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը