«ՀայՓոստ»-ը համագործակցում է «Ռիա Մանի Թրանսֆեր»-ի հետ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ»-ը և աշխարհում մեծությամբ երրորդ «Ռիա Մանի Թրանսֆեր» դրամական փոխանցումների ընկերությունը («Ռիա») հայտարարել են դրամական փոխանցման ծառայություններ մատուցելու նպատակով ձեռնարկած գործընկերության մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ից, նոր պայմանագիրը «ՀայՓոստ»-ի հաճախորդներին հնարավորություն կտա եվրոյով (EUR) և ԱՄՆ դոլարով (USD) կանխիկ փոխանցումներ ստանալ «ՀայՓոստ»-ի 600-ից ավելի առցանց փոստային բաժանմունքներից:

Ապահով և մատչելի ծառայության մատուցումից բացի, «Ռիա»-ի փոխանցումների արագ համակարգը «ՀայՓոստ»-ի հաճախորդներին թույլ կտա արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: «ՀայՓոստ»-ի հաճախորդները կկարողանան նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 147 երկիր և 287 000 սպասարկման կետ:

Վերջին շրջանում «ՀայՓոստ»-ը ռազմավարական քայլեր է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում 2015 թվականի հուլիսի 21-ին ընկերությունը բացեց իր առաջին միջազգային մասնաճյուղը: Սուրհանդակային և առաքման ծառայությունների մատուցման հետ մեկտեղ վերջերս մեկնարկել է «ՀայՓոստ»-ի «ՇոփԻնԱմերիկա» ծառայությունը, որը Հայաստանի բնակիչներին ազատ և հեշտ կերպով հասանելի է դարձնում ԱՄՆ շուկայի ապրանքները: Նոր մասնաճյուղը, որը կամուրջ է Հայաստանի և ԱՄՆ միջև, այժմ «ՀայՓոստ»-ի ամերիկաբնակ հաճախորդներին թույլ կտա «Ռիա Մանի Թրանսֆեր»-ի միջոցով նաև կանխիկ գումար ուղարկել իրենց սիրելիներին Հայաստանում: Հաճախորդները կարող են գումարն ուղարկել նաև առցանց՝ www.riamoneytransfer.com կայքից՝ վճարումն ապահովելով Հայաստանում «ՀայՓոստ»-ի յուրաքանչյուր իրավասու բաժանմունքից:

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով, «ՀայՓոստ»-ի և «Ռիա Մանի Թրանսֆեր»-ի միջև համագործակցությունը մեծ հնարավորություն է, որը հաճախորդներին թույլ է տալիս կանխիկ փոխանցումներ ուղարկել և ստանալ աշխարհի տարբեր անկյուններից: «Մեր առաքելություններից մեկը հաճախորդներին բարձրորակ, արագ և մատչելի ծառայությունների մատուցումն է: Մենք վստահ ենք, որ «Ռիա Մանի Թրանսֆեր»-ի հետ համագործակցությունը համահունչ է այդ առաքելությանը, և լիահույս ենք, որ մեր համատեղ աշխատանքը շոշափելի արդյունքներ կգրանցի մոտ ապագայում»:

«Ռիա»-ի նախագահ և գործադիր տնօրեն Խուան Բիանքին ավելացրել է. ««ՀայՓոստ»-ի հետ դրամական փոխանցումների մեր նոր ծառայության մեկնարկը կատարվում է ճիշտ ժամանակին՝ հատկապես հաշվի առնելով «ՀայՓոստ»-ի ներկայիս ընդլայնումը Միացյալ նահանգներում, և մենք ուրախ ենք Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի հետ գործընկերության համար: «Ռիա»-ի ընդհանուր տեսլականի բաղկացուցիչներից մեկն ամբողջ աշխարհով մատչելի փոխանցումների մեծագույն հասանելիության ապահովումն է, և փոստային բաժանմունքները գերազանց ճանապարհ են այդ հոսքն ապահովելու համար: «ՀայՓոստ»-ը նաև ռազմավարական նշանակություն ունեցող տեղակայմամբ բազմաթիվ բաժանմունքներ ունի հեռավոր բնակավայրերում, և մենք ակնկալում ենք լավագույն ծառայություն մատուցել արտասահմանում բնակվող հայերին՝ նրանց առաջարկելով ընտանիքներին փող ուղարկելու ապահով և մատչելի այլընտրանք»:

2014 թվականի Համաշխարհային բանկի հաշվարկի համաձայն, Հայաստանը փոխանցումներից ստացել է 2.2 միլիարդ դոլլար, և 2013 թվականին այդ փոխանցումները կազմել են երկրի համախառն ներքին արդյունքի 21%-ը:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը մատուցում է փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ: Ներկայումս «ՀայՓոստ»-ը գործում է ամբողջ Հայաստանով բաշխված 875 փոստային բաժանմունքների միջոցով՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղական բնակավայրերը:

«Ռիա»-ն դրամական փոխանցումների համաշխարհային առաջատարներից է, ինչպես նաև որակի և սպասարկման ճանաչված չափանիշ: «Ռիա»-ն փոխանցումներն իրականացնում է ուղարկող գործակալների ցանցի և ընկերությանը պատկանող վաճառակետերի միջոցով, որոնք սփռված են Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Խաղաղօվկիանոսյան Ասիայում, ինչպես նաև Միացյալ նահանգներից՝ www.riamoneytransfer.com կայքից առցանց տարբերակով: «Ռիա»-ի ներկայիս ընդհանուր ցանցն ընդգրկում է 147 երկիր՝ 287 000 սպասարկման կետերով: «Ռիա»-ն հաստատակամ է հաճախորդների գոհացման հարցում և շարունակում է ապահովել իր ներկայությունն այն համայնքներում, որտեղ նրանք բնակվում են: Հավելյալ տեղեկությունների համար այցելելwww.riafinancial.com և www.riamoneytransfer.com :

«Ռիա»-ն էլեկտրոնային ֆինանսական գործարքների ապահով մշակման համաշխարհային առաջատար «Եվրոնետ Ուորլդուայդ» ընկերության (Nasdaq: EEFT) դուստր ձեռնարկություն է: Գործնական երեք սեգմենտներով՝ էլեկտրոնային ֆինանսական գործարքներ (ԷՖԳ), էլեկտրոնային վճարման կանխավճարային պրոդուկտներ և դրամական փոխանցումներ, Եվրոնետը էլեկտրոնային վճարման այլընտրանքների բազմատեսակ ընտրանի է առաջարկում հաճախորդներին մոտավորապես 165 երկրներում: Ի լրումն համաշխարհային դրամական փոխանցումների ծառայությունների՝ Եվրոնետի ապրանքների ցանկն ընդգրկում է համապարփակ բանկոմատային ծառայություններ, դրամարկղային տերմինալների սպասարկում, քարտերի միջանկյալ սպասարկման ծառայություն, կանխավճարային բջջային վճարման ծառայություններ, կանխավճարային այլ ծառայություններ և բջջային օպերատորների համար նախատեսված լուծումներ:

Հայերեն English

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար