«Նոր գիրք» 2/47. «Հայը և աշխարհը», «Հայրեր և զավակներ»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տարին` նոր գրքերով: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:
Հայ գրականություն
Արմեն Պետրոսյան, «Հայը և աշխարհը»

Գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցու կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ, անցյալի ու ներկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:
Համաշխարհային բեսթսելերներ
Իվան Տուրգենև, «Հայրեր և զավակներ»

«Էդիթ Պրինտ» հրատարակչության «Համաշխարհային գրականություն» մատենաշարի գիրքն ընդգրկում է Իվան Տուրգենևի «Հայրեր և զավակներ» վեպը: Վեպում մարդկային սիրո տարբեր դրսևորումներն են արտահայտված` սերը դեպի ծնողը, սերը դեպի քույրը, ընկերը, շրջապատի մարդիկ։ Թարգմանությունը` Մուշե Վարդապետի: Խմբագիր` Աշոտ Գաբրիելյան:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը