Կարծիքներ

Սիրիական հակամարտության հանգուցալուծման բանալին պետք է փնտրել հենց Սիրիայում. Սարգիս Գրիգորյան

3 րոպեի ընթերցում

Սիրիական հակամարտության հանգուցալուծման բանալին պետք է փնտրել հենց Սիրիայում. Սարգիս Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի համար 2015 թվականը հագեցած էր իրադարձություններով: Դրանք կարելի է բաժանել մինչև ռուսական օդուժի միջամտությունը և դրանից հետո: Եթե մինչև ռուսական օդուժի միջամտությունը Սիրիայի կառավարական ուժերն առավելապես պաշտպանական գործողություններ էին իրականացնում, ապա ավիահարվածներից հետո դրանք ավելի շատ հարձակվողական բնույթ ստացան: «Արմենպրես»-ի սրահում հրավիված ասուլիսին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Ռուսական օդուժի հարվածներից հետո, որոշակի առաջխաղացում եղավ Սիրիայի կառավարական ուժերի կողմից: Ռուսական օդուժի հարվածները գծեցին այն կարմիր գիծը, որից այս կողմ ընդդիմադիր խմբավորումները, մեծ հաշվով, չեն կարողանում ռազմական գործողություններ իրականացնել»,-ասաց Սարգիս Գրիգորյանը: Չնայած որոշակի առաջխաղացմանը, նրա խոսքով, դեռևս ընդդիմադիրները շարունակում են վերահսկել տարածքների մոտ 65 տոկոսը: Կառավարական ուժերը դեռևս կենտրոնացած են խոշոր քաղաքնեում, նրանց մարտավարությունը խոշոր քաղաքները պահելն է: Ինչ վերաբերում է Հալեպ նահանգում վերջին օրերին կառավարական ուժերի կողմից գրանցված հաջողություններին, ապա Սարգսի Գրիգորյանը նշեց, որ մի քանի բնակավայրեր անցել են կառավարական ուժերի վերահսկողության ներքո, սակայն դեռ վաղ է ամբողջովին նահանգն ազատագրելու մասին խոսել:

2015 թվականն ավելի շատ հաջողակ էր Սիրիայի քրդերի համար: Ըստ Սարգիս Գրիգորյանի` քրդերը տարեսկզբին հետ նվաճեցին Քոբանին և այլ տարածքներ: «Կարծես թե, քրդերը հանդես են գալիս որպես առանձին խաղացողներ: Նրանք կարողացան խոչընդոտ հանդիսանալ Սիրիայի հյուսիսում անթռիչք գոտի ստեղծելու թուրքական ծրագրերին: Այս պահին էլ հաջող գործողություններ են իրականացնում ծայրահեղ իսլամիստների դեմ»,-ասաց արաբագետը:

«Ռազմական գործողություններից բացի, Սիրիայի համար 2015 թվականն առանձնացավ քաղաքական գործընթացներով»,-ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը` ընդգծելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված` խաղաղ գործընթացի հաստատման բանաձևը:

«Բանաձևն ընդունվեց, բայց հասկանալի է, որ կողմերը կարձանագրեն հաջողություններ միայն այն պարագայում, երբ ձեռքբերվի համաձայնություն նրանց միջև առկա առանցքային հակասությունների շուրջ: Առաջին հերթին, խոսքը նախագահ Բաշար ալ Ասադի ճակատագրի մասին է: Պետք է նշել, որ Սիրիայի խնդրի կարգավորմանը կարող է լուրջ խոչընդոտ լինել Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծված մուսուլմանական երկրների կոալիցիան: Այս կոալիցիայի գործառույթներից մեկը մուսուլմանական երկրնեում հակահաբեկչական գործողություններ իրականացնելն է: Չի բացառվում, սիրիական գործընթացներում այս կոալիցիայի մասնակցությունը ևս: Այդ դեպքում հետևանքները աղետալի կարող են լինել»,-ավելացրեց Արմեն Պետրոսյանը:

Սարգիս Գրիգորյանն էլ ընդգծեց, որ սիրիական հակամարտության հանգուցալուծման բանալին պետք է փնտրել հենց Սիրիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում