Եթե փորձում ես ճանաչել Կոմիտասին, փորձում ես ճանաչել քո տեսակը. Վարդան Մկրտչյանը` «Վարդապետի լռությունը» ֆիլմի մասին
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եթե փորձում ես ճանաչել Կոմիտասին, առաջին հերթին փորձում ես ճանաչել քո տեսակը և, ի վերջո, ինքդ քեզ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Վիգեն Չալդրանյանի` Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմի դերասան, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
«Այն, ինչ ես պետք է անեի ֆիլմում, արել եմ: Ֆիլմի մեջ կտեսնեն և կգնահատեն: Ես մարմնավորել եմ գլխավոր հերոսին`Էդգար Նովենցին: Հետաքրքիր հայի տիպ, տեսակ, որը փորձում է մտնել, անցնել Կոմիտասի ճանապարհով, նրա կյանքով և ինչ-ինչ հարցեր գոնե իր համար բացահայտել: Այս է իմ կերպարը: Նա այդ ընթացքում հանդիպում է բավական հետաքրքիր երևույթների: Եթե շատ համառոտ լինեմ՝ սա ինքնաճանաչման մի փորձ է: Բայց այն կարելի է ավելի ընդհանրացնել. եթե փորձում ես ճանաչել Կոմիտասին, առաջին հերթին փորձում ես ճանաչել քո տեսակը, քո ազգը, քո ժողովրդին և, ի վերջո, ինքդ քեզ»,-նշեց նա:
Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա սևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով` հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:
Հարցին, թե հոգեբանորեն որքանով էր հեշտ կամ դժվար մարմնավորել հերոսին, Վարդան Մկրտչյանը պատասխանեց. «Անկեղծ ասած`չգիտեմ: Աշխատանքի մեջ նման տեսակի բաների մասին չեմ մտածում: Ես աշխատում եմ մինչև վերջ, ուժերիս ամբողջ լարումով, աշխատում եմ`հավատալով ռեժիսորին: Աշխատում եմ, եթե ունեմ ասելիք, և չեմ կարող ասել, թե ինչքանով էր հեշտ կամ ինչքանով էր դժվար: Իմ գործն է եղել, որը սիրով եմ արել: Հեշտի ու դժվարի մասին չեմ մտածում»
Դերասանը խոստովանում է, որ կերպարը մարմնավորելու առաջարկն ստացել է շատ հետաքրքիր ձևով:
«Մենք Վիգեն Չալդրանյանի հետ մինչ այս մեր թատրոնում (Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոն-խմբ.) բեմադրել ենք «Համլետ»-ը, ես խաղացելեմ Համլետի դերը: Մեր ընդհանուր համագործակցությունն այդտեղից է սկսվել: Իսկ կոնկրետ այս դերի առաջարկը ստացել եմ հարսանիքիս օրը» ,-նշեց նա:
Վարդան Մկրտչյանի խոսքով` արվեստագետը միայն իր համար չէ ինչ-որ բան ստեղծում: «Այն, ինչ անում ես, անում ես ոչ միայն քեզ, այլև քո երկրի, ժողովրդի, հանրության համար, ովքեր պետք է նայեն, գնահատեն`հավանեն կամ չհավանեն: Ի վերջո անում ես և հանձնում ես: Ստեղծագործությունն ամեն արվեստագետի համար իր բնորոշումն ունի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ,երբ ստեղծում է մի բան, նաև հանձնում է այն, բաց է թողնում՝ ճիշտ երեխայի նման: Միայն ուրախ կլինեմ, որ ֆիլմի ճանապարհը երկար, տևական լինի: Շատ անձնական ցանկություն է»,-հավելեց նա:
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանի` Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմը դեկտեմբերի 25-ից այն հնարավոր կլինի դիտել մեծ էկրաններին:
«Իմ կադրում լինելու է մարդը՝ առանց համակարգչային քիմիկատային տեխնոլոգիաների: Ես փորձելու եմ հասկանալ, թե ով էր Կոմիտասը, և պիտի փորձեմ նրան երևան բերել ֆիլմում՝ որպես հայ ազգի խղճի: Նա իմ ազգի խիղճն է»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր Վիգեն Չալդրանյանը:
Դրամայի սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է, մասնակցությամբ Ռուբեն Հովսեփյանի: Դերերում հանդես են գալիս Վարդան Մկրտչյանը, Անի Ղազարյանը, Արտո Խաչատուրյանը, Վաչե Շարաֆյանը և ուրիշներ:
Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը:
Կինոնկարի պրոդյուսերներն ենՎիգեն Չալդրանյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը: Գործադիր պրոդյուսերն է Սահականուշ Սահակյանը: