Կարծիքներ

Թուրք-քրդական բախումներում տեղի հայերի անվտանգությունը հարվածի տակ է. թուրքագետ

3 րոպեի ընթերցում

Թուրք-քրդական բախումներում տեղի հայերի անվտանգությունը հարվածի տակ է. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-քրդական բախումների պարագայում չի բացառվում, որ անվտանգության խնդիրներ առաջանան տեղի հայերի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: «Անվտանգության տեսանկյունից հայերի համար խնդիրները բացառված չեն: Դա պետք է հաշվի առնվի: Փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ Թուքիայում իրավիճակը լարվում է, ագային հարցը սրվում է, տեղի հայերի գործոնը շոշափվում է: Թուրք-քրդական բախումների ժամանակ կոչեր են հնչում այն մասին, որ դուք բոլորդ քուրդ չեք, այլ քրդացած հայեր եք: Նման դեպքերում ամեն անգամ հայերը հիշատակվում են: Մինչև այսօր, գիտակցաբար, թե ենթագիտակցաբար հայերն ընկալվում են որպես թշնամական տարր: Հետևաբար, այս ազգային մոլուցքի պարագայում անվտանգության գործոնը թարմանում է»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Թուրք-քրդական բախումների ֆոնին հայկական համայնքը պահպանում է չեզոքություն, որն, ըստ թուրքագետի, ճիշտ որոշում է: «Քանի որ տեղի հայկական համայնքը ազդեցության լծակներ չունի, հետևաբար քաղաքականության վրա ազդելու լծակ էլ չունի, այդ պարագայում այլ տարբերակ չկա, քան չեզոքություն պահելը»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով քրդերի հետ բախումներին ու այդ շրջաններում տիրող իրավիճակին` Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակը չափազանց սրված է, բայց առայժմ վերահսկողությունից դուրս չի եկել: Թուրքական իշխանությունները փորձում են վերահսկել այն, իհարկե, իրեն բնորոշ միակ մեթոդով` բռնի ուժով:

«Խաղաղ բանակցությունների փորձն ավարտվեց թուրքական իշխանությունների, մասնավորապես, Էրդողանի նախաձեռնությամբ: Եվ հիմա նա անցել է իր ավանադական մեթոդին` բռնի ուժ, ճնշումներ, տեղահանումներ: Նույնիսկ հատուկ ջոկատներ են ձևավորվել, որոնք համարվում են պետության կողմից հովանավորվող զորամիավորներ»,-ասաց թուրքագետը:

Քրդական գործոնը փորձում է օգտագործել Ռուսաստանը: Այդ մասին է խոսում Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի այցելությունը Մոսկվա և հանդիպումը արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Ռուսաստանը երբևէ չի էլ թաքցրել, որ կարող է օգտագործել քրդական գործոնը: Տարբեր ռուս քաղաքական գործիչներ, մեկնաբաններ նշել են, որ մեծանում է քրդական գործոնի նշանակությունը և այն պետք է օգտագործվի: Նույնիսկ ափսոսանք է հնչել, որ ժամանակին, երբ Ռուսաստանը ազդեցություն ուներ Քրդական բանվորական կուսակցության վրա, նրանք կորցրել են այդ ազդեցոթյունը: Հիմա փորձում են դա վերականգնել: Իհարկե, Դեմիրթաշը, Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչ չէ, բայց բավական ազդեցիկ գործոն է»,-հավելեց թուրքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում