Էմիր Կուստուրիցան կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան Հայաստան կժամանի դեկտեմբերի 24-ի երեկոյան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգի կազմակերպիչ «Մեցցո Փրոդաքշն» ընկերությունից:

«Կուստուրիցան կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին, ինչպես նաև կլինի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում: Իր այցի ընթացքում նա կհանդիպի նաև պաշտոնատար այրերի հետ»,-տեղեկացրին ընկերությունից:

Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Էմիր Կուստուրիցան եվրոպական խոշորագույն ` այդ թվում Կաննի փառատոնի մրցանակակիր է, արժանացել է բազմաթիվ պարգևների: Ռեժիսորը բազմաթիվ հայտնի կինոնկարների հեղինակ է: Բալկանյան կինոյի հանճարը նախորդ տարի տոնեց ծննդյան 60-րդ հոբելյանը: Բացի կինոյում աշխատելուց, Կուստուրիցան հայտնի է որպես «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի անդամ: Էմիր Կուստուրիցան հասցրել է այցելել Հայաստան. նա եղել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հյուրը:

Հայերեն English Русский