Հասանովի ռազմատենչությունը չի բխում նախագահների հնարավոր հանդիպման տրամաբանությունից. քաղաքագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարությունը չի բխում ոչ միայն նախագահների հնարավոր հանդիպման, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ բանակցային գործընթացի վերաբերյալ ունեցած պատկերացումների տրամաբանությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն` անդրադառնալով Զաքիր Հասանովի հայտարարությանն ու սահմանային լարվածությանը:

-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել: Նա նշել է, որ իրենք ավելի խիստ միջոցներ են ձեռարկելու հայկական կողմի նկատմամբ՝ հասցնելով ավելի կործանիչ հարվածներ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ընդառաջ նման հայտարարություններն ինչի՞ մասին են խոսում: Արդյո՞ ք փորձ է արվում ձախողել հնարավոր հանդիպումը:

-Նախ մեկ բան արձանագրենք. վերջին շրջանում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսում է Հայաստանի կամ Արցախի նկատմամբ հարվածներ հասցնելու մասին, դրան անմիջապես հետևում է սահմանագծում լարվածության էական աճ: Սա նշանակում է, որ առաջիկայում սահմանագծում նոր սրացումներ են սպասվում:Ինչ վերաբերվում է Հասանովի հայտարարության քաղաքական բաղադրիչին, ապա անշուշտ դա չի բխում ոչ միայն առաջիկայում սպասվող նախագահների հանդիպման, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ բանակցային գործընթացի վերաբերյալ ունեցած պատկերացումների տրամաբանությունից:

-Սահմանային լարվածությունը մեծացնելով` Ադրբեջանը ի՞նչ խնդիր է լուծում: Արդյո՞ք այս գործընթացում Թուրքիայի ազդեցությունը հավանական է: Հաշվի առնելով, որ Ահմեդ Դավութօղուն Բաքվում Ադրբեջանի զավթողական նկրտումները պաշտպանող հայտարարություն արեց:

-Թուրքիայի վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցի օրերին իրավիճակն առաջնագծում բավականին սրված էր, իսկ նրա հայտարարությունը մի տեսակ քաջալերող բնույթ էր կրում, ինչու չէ, նաև ուղղորդիչ՝ սահմանագիծը մշտապես լարված պահելու առումով: Թուրքիայում սիրում են ամեն պատեհ կամ անպատեհ առիթով խոսելու տարածաշրջանային խաղաղության և կայունության անհրաժեշտության մասին՝ առաջարկելով նաև իրենց ծառայությունները, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քայլերով միայն նպաստում են անկայուն, «թեժ օջախներ» ստեղծելուն:

Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ ստատուս քվոն չի բխում իր շահերից, իսկ հակամարտությունը սառեցված չէ: Առաջնագծում սրացումներ մտցնելով` Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ, իսկ ստատուս քվոյի պահպանումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ գործողությունների վերսկսմանը:

-Այս փուլում ի՞նչ կարող ենք ակնկալել միջազգային հանրությունից :

-Արդեն մի քանի տարի է, միջազգային հանրությունը իրավիճակի լիցքաթափման ու կողմերի միջև վստահություն ստեղծելուն ուղղված առաջարկներ է ներկայացրել, որոնք, ի տարբերություն Հայաստանի ու Արցախի, Ադրբեջանը մերժել է:

Խոսքն առաջին հերթին շփման գծից դիպուկահարների դուրս բերմանն ու առաջնագծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննության մեխանիզմների ներդրմանն է վերաբերում: Վերջին ամիսների ընթացքում, ևս մի քանի առաջարկներ հնչեցին՝ առաջնագծում տեղի ունեցող մոնիթորինգի հաճախակիացում, դիտորդների թվի ավելացում, սակայն Ադրբեջանը որևէ ձևով չի արձագանքում այդ առաջարկներին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանին ձեռնտու չէ տարածաշրջանում և առաջին հերթին շփման գծում երկարատև խաղաղության և կայունության հաստատումը:

Աննա Գզիրյան

Հայերեն English

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը