Ռուս փորձագետի գնահատմամբ` ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի կողմից գործողություններ հրահրելը կլինի ինքնասպանություն
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացումը տեղավորվում է Բաքվի ավանդական քաղաքականության տրամաբանության մեջ: Ադրբեջանը փորձում է պարբերաբար սահմանին պրովոկացիա կազմակերպել, նպատակ ունենալով միջազգային հանրությանը ցույց տալ, որ ղարաբաղյան հարցը դեռ կարգավորված չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Եպիֆանցևը: «Հասկանալի է, որ այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրնում այլ հարցեր են, մասնավորապես, սկզբում ուշադրությունը սևեռված էր դեպի Ուկրաինա, այնուհետև դեպի Մերձավոր Արևելք, Սիրիա, այս օրերին էլ Իրաք: Բաքվին ձեռնտու չէ սահմանային հանգստությունը: Նա պետք է ինչ-որ ձևով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի, հետևաբար դիմում է նման քայլերի»,-ասաց փորձագետը:
«Որքանո՞վ է հավանական, որ սահմանային լարվածության հրահրման պատճառը լինի Թուրքիան» հարցին ի պատասխան Անդրեյ Եպիֆանցևը նկատեց, որ, իհարկե, թուրք պաշտոնյաների կողմից հայտարարություններ եղան ղարաբաղյան հացի հետ կապված, բայց սահմանային լարվածության գործում Թուրքիայի միջամտությունը քիչ հավանական է:
«Եթե դիտարկենք Թուրքիայի ներսում և դրսում տեղի ունեցող զարգացումները, ապա նախ կարող ենք ասել, որ վերջին շրջանում Թուրքիայի և հարևան երկրների միջև հարաբերությունները լարված են: Մասնավորապես, Իրան, Ռուսաստան, Իսրայել, Սիրիա, խնդիրներ ԱՄՆ-ի հետ: Ահա այդ պայմաներում ղարաբաղյան հատվածում գործողություններ սկսելը, պարզապես ինքնասպանություն է»,-ասաց փորձագետը: Նա նկատեց, որ մյուս կողմից Թուրքիան փորձում է ոչ այնքան նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ, այլ աշխարհի տարբեր երկրների հետ շփումներում գտնել համախոհներ Ռուսաստանի դեմ իր դիրքորոշումը պաշտպանելու համար:
Անդրեյ Եպիֆանցևի դիտարկմամբ`ռուս-թուրքական հարաբերությունների սրման պայմաններում անցանկալի իրավիճակում են հայտնվել տարածաշրջանային երկրները, մասնավորապես, Ադրբեջանը: Մի կողմում Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան է, մյուս կողմում` Ռուսաստանը, որի հետ պաշտոնական Բաքուն ևս լավ հարաբերությունների մեջ է տարբեր ուղղություններով: Եվ ահա ձևավորվում է այպիսի իրավիճակ, երբ դրվում է հարց` Ադրբեջանը Թուրքիայի հե՞տ է, թե Ռուսաստանի: Փորձագետի կարծիքով, Ադրբեջանը կփորձի խուսափել այդ իրավիճակից:
«Իհարկե, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար անցանկալի է թուրք-ռուսական հարաբերությունների սրումը, բայց կարծում եմ ինչ-որ առումով Հայաստանի համար շահեկան է: Չէ որ վերջին 15-20 տարիների ընթացքում Հայաստանը խոսում էր, ընդգծում էր այն, որ Թուրքիան թշնամի երկիր է: Խաղաքարտերն այնպես են դասավորվել, որ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են: Հայաստանի համար անցանկալի է այն, որ այս սրված հարաբերությունները չվերածվեն ակտիվ ռազմական գործողոթյունների: Հասկանալի է, որ դա Հայաստանին ձեռնտու չէ»,-հավելեց փորձագետը:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը` Անդրեյ Եպիֆանցևը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ փուլում է, և հիմա դժվար է բնակցային գործընթացում ինչ-որ տեղաշարժ ակնկալելը:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից (17 արկ): Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, ժամը 20:40-ի սահմաններում, կրկին դիպուկահար զենքից մահացու հրազենային վիրավորում է ստացել Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը: