Թաթուլ Կրպեյան. հերոսը կունենա հերոսին վայել տուն-թանգարան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը կրող` Թալինի շրջանի Թաթուլ գյուղի տներից մեկը, ուր ծնվել ու մեծացել է ազատամարտիկը, այժմ պատրաստ է որպես Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան ու սպասում իր բացման պաշտոնական արարողությանը: «Արմենպրես»-ի ստեղծագործական թիմը օրերս այցելել էր գյուղ և հյուրընկալվել Կրպեյանի հարազատների և հանրապետության բարձրագույն իշխանության ջանքերով ստեղծված թանգարանում:

Բացվում են դարպասները և մեր առջև է Գետաշենի ազատագրման համար իր կյանքը տված Թաթուլ Կրպեյանի տունը, ուր ապրել է իր կյանքի 25 տարիները, հասցրել է ամուսնանալ, ունենալ դուստր, բայց հայրենիքի պաշտպանությունը գերադասել ընտանեկան կյանքից:

Սեդան` Թաթուլ Կրպեյանի եղբոր` Մանվելի դուստրը, միակն է հորեղբայրների ու հորաքրոջ երեխաներից, որ չի տեսել Թաթուլ հորեղբորը, բայց պետք էր տեսնել Սեդայի փայլող աչքերը, երբ խոսում էր իր հերոս հորեղբոր մասին: «Երբ լսում եմ հորեղբորս մասին, սկսում եմ հուզվել: Ես շատ հպարտ եմ, որ նրա արյունն եմ կրում երակներումս, նրա ազգանունն եմ կրում: Իմ հայրն էլ է կռվել, հետո վիրավորվել է, Թաթուլ հորեղբայրս չի թողել, որ նա գնա ու ինքն է գնացել մարտի դաշտ: Նրա մասին շատ են պատմել հատկապես մայրս, հայրս ու հորաքույրս: Նրանք են տեղյակ եղել նրա գործողություններից: Երբ Թաթուլ հորեղբայրս զենքեր է բերել, մայրս է թաքցրել, նույնիսկ հայրիկս զարմացել է, որ մայրս գիտի ու իրեն չի ասում»,-պատմում է Սեդա Կրպեյանը:

Սեդային է փոխանցվել նաև սերը պարի հանդեպ, այժմ նա ունի պարի խումբ, որի փոքրաթիվ անդամներին է փոխանցում ազգային պարի ոգին:

Տուն-թանգարանում այցելուները կարող են տեսնել Թաթուլի մահճակալը, սիրելի աթոռը, սենյակի գորգերն ու պահարանը: Առանձնացված ցուցափեղկերում են հերոսի ծոցագրպանում մշտապես տեղ ունեցող ասեղն ու մագնիսը, թղթապանակը, տետրերը: Աչքի է զարնում հայերեն-թուրքերեն բառարանը. Թաթուլ Կրպեյանը ռազմի դաշտում յուրացրել է թշնամու լեզուն: Տետրի մի համեստ թերթի վրա էլ Գետաշենի հարձակման ու պաշտպանության գծագիրն է, Մարաթուկի անդամների հագուստների գծագիրը` արված Թաթուլ Կրպեյանի կողմից, ինչպես նաև դպրոցական տարիներից մնացած ծածկաթերթիկները (շպարգալկաները):

Պատերին էլ փակցված են ինչպես ընտանեկան, այնպես էլ անհատական լուսանկարներ, որոնցից ազդեցիկը հոր և դստեր (Թաթուլ և Ասպրամ Կրպեյանների) առաջին ու միակ լուսանկարն է:

Թանգարանի նյութերը դեռ համալրման են սպասում, ամենից արժեքավորը Թաթուլ Կրպեյանի օրագիրը կարող է լինել:

Թաթուլ Կրպեհանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արեգ գյուղում: 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում:1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը:

1987- 1990 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, միաժամանակ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է Սասունի և Կարսի շրջանների ժողովրդական, ազգագրական, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

Հայրենիքի պաշտպանության համար կյանքը տվել է 1991թ. ապրիլի 30-ին: ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու՝ 20.09.1996թ.: Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Այս տարի հերոսի 50-ամյակի առիթով հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել:

Անի Նազարյան, Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Հայերեն English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը