Գյումրին երկրաշարժից 27 տարի անց. կատարված ծրագրերի ու անելիքների մասին պատմում է քաղաքապետը
7 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից 27 տարի է անցել: Այս ընթացքում Գյումրիում շատ բան է փոխվել, սակայն ասել, թե գյումրեցին շտկել է իր մեջքը և բոլոր խնդիրները լուծված են, սխալ է: Այդ խնդիրների լուծման և նախատեսված անելիքների ու ծրագերի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
-Պարոն Բալասանյան, Սպիտակի երկրաշարժից 27 տարի անց ո՞րն է Գյումրու գերխնդիրը ու ի՞նչ ունենք այսօր:
-Տարիներ անց Գյումրին փոխվում է, փորձում շտկել իր մեջքը, ոտքի է կանգնում, բայց, բնականաբար, դեռ շատ խնդիրներ կան: Որպես քաղաքապետ` ինձ համար ամենակարևորն այս պահին աշխատատեղերի ու տնակների հարցն է: Մյուս խնդիրները տեխնիկական եմ համարում՝ փողոցաշինություն, լուսավորություն, ծառայություններ, բարեկարգում և այլն, սրանք արագ լուծվող խնդիրներ են: Շատ բարդ է աշխատատեղի հարցը, քանի որ դա գումար է ու բիզնես: Ծրագրերով, համապատասխան արտոնյալ միջավայր ստեղծելով, մարդկանց պետք է կարողանանք ուղղորդել քաղաքում ներդրումներ կատարել: Ես, ով ժամանակին մասնավոր ոլորտում մեծ ներդրողներից մեկն եմ եղել, հասկանում եմ՝ ամեն մի աշխատատեղ լուրջ գումար է:
-Այս գերխնդիրը լուծելու ի՞նչ տարբերակներ եք տեսնում:
-Անշուշտ, լույսը տեսնում եմ 2016 թվականին. դրանք Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի կողմից առաջարկված լուրջ ծրագրերն են: Այս պահին թեթև արդյունաբերության հետ կապված մենք ակնկալում մենք, որ հաջորդ տարի կունենանք մոտ 600 աշխատատեղ: Սա շատ կարևոր է: Սերմաքեշի հետ լուրջ ծրագիր է իրականցնում նաև 2014 թվականին Գյումրիում տղամարդկանց վերնաշապիկների արտադրամաս բացած, Հոլանդիայում բնակվող, Թուրքիայում ծնված Մասիս Ներսիսյանի եղբայրը՝ Քրիստիան Ներսիսյանը: Վերջիններիս ՀՀ կառավարության կողմից արդեն հատկացվել է տարածք` Գյումրու նախկին «Երկաթգծի հիվանդանոց»-ի կառույցը: Այս հարցի շուրջ լուրջ աշխատանքներ են տարվում Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և իրենց ներկայացուցիչների կողմից: Այստեղ ստեղծվելու է ուսումնական կենտրոն, որտեղ աշխատելու համար կպահանջվեն երիտասարդ տղաներ և աղջիկներ, ովքեր վերապատրաստում կանցնեն եվրոպական տարբեր երկներում: Ընդհանուր առմամբ, թեթև արդյունաբերությունը մինչև 1988 թվականի երկրաշարժը Գյումրիում լավ զարգացած էր, հուսով եմ` դրա զարգացման նախադրյալները կան նաև հիմա: Եվրասիական տնտեսական միության հետ էլ պետք է լուրջ ծրագրեր մշակենք և հասկանանք, թե ինչ է կարելի այստեղ արտադրել և տեղափոխել ՌԴ, թեեւ սա մի փոքր դժվար է` կապված ռուսական ռուբլու հետ:
-Պարոն Բալասանյան, տնակների խնդիրը երբևէ լուծվելու՞ է քաղաքում, եթե հաշվի առնեք, որ Գյումրիում դեռ կան տնակային ավաններ:
-Կարծում եմ, «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որը մենք սկսել ենք, բավական լավ ծրագիր է: Այդ նպատակով կստեղծվի հիմնադրամ, կիրականացվի դրամահավաք: Եթե ինձ հարցնեն, թե ես՝ որպես քաղաքապետ, ի՞նչ եմ անելու, կասեմ. նախ աշխատավարձ չեմ ստանա, որ թեկուզ 1 ավել ընտանիք տնակից քարաշեն տուն տեղափոխվի: Հուսով եմ, եթե ես իմ աշխատակիցներին ասեմ, որ ամեն ամիս աշխատավարձի 1 տոկոսը փոխանցեն հիմնադրամին՝ կանեն, իսկ արդյունքում թեկուզ մեկ ընտանիքի խնդիր կլուծվի: Այս ծրագրի շրջանակներում թույլ ենք տվել և հետագայում էլ թույլ կտանք քարաշեն դարձած, չափորոշիչներին համապատասխան տնակները սեփականաշնորհել, որը ևս հարցի լուծում է. այս ծրագիրը վերջնականպես թույլ կտա 2700 տնակի խնդիրը նվազեցնել մինչև 2 հազարի և մեր ուշադրությունը սևեռել արդեն այդ 2 հազարի վրա:
-Այս խնդիրը շղթայական ռեակցիայի նման նորից չի՞ շարունակվի, եթե ազատված տնակներում հարևան համայնքներից կրկին գան, գրանցվեն ու բնակվեն:
-Ես դա թույլ չեմ տա: Արգելել եմ նման բան անել: Սա կրկին ճակատագրական սխալ կլինի քաղաքի համար: Վերջին երկու-երեք տարվա ընթացքում քաղաքում քանդվել ու ազատվել է 1017 տնակ: Ներկա պահին 170 ընտանիք մնում է տնակում, քանի որ տարիների ընթացքում ընտանիքը մեծացել է, և հատկացված սենյակները չեն բավարարում: Քաղաքապետարանում կա 1014 ընտանիքի ցուցակ, որոնք տարբեր պատճառներով՝ փաստաթղթերի ուշացման, թերության, այլ սեփականության առկայության և այլն, չեն ընդգրկվել անօթևանության ցուցակներում և բնակարանային խնդրի լուծման ծրագրերից չեն օգտվել: Այս ընտանիքների խնդիրը կա և պետք է նորից ուսումնասիրել, տեսնելու համար իրականում նրանցից ո՞վ է մնում անօթևան: Փաստը այն է, որ կա 2 հազար տնակ ու միջին հաշվով տնակում բնակվող 8 հազար բնակիչ: Պետք է պարզապես փնտրել ու գտնել ծրագրեր: Դոնորներ շատ կան, ծրագեր ևս, պարզապես վստահության չկա: Այս վստահությունը կբերիր «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի մեջ պետք է ընդգրկվեն վստահություն ներշնչող, հասարկության կողմից սիրված մարդիկ:
-Տարիներ անց գյումրեցու մեջ ի՞նչ է փոխվել:
-Ամենակարևորը` մթնոլորտի փոփոխություն կա, չկա «կրիմինալային» այն իրավիճակը, ինչ եղել է. հանգիստ է ու խաղաղ, թեև սոցիալակն լուրջ խնդիրներով: Եթե կարողանանք այս խնդիրն էլ լուծել, Գյումրին կդառնա հին ու բարի ժամանակների Գյումրին, որտեղ բոլորը կցանկանան հյուր գալ ու հյուրասիրվել: Կփորձենք նաև պատմական արժեքները վերականգնել և տուրիստների համար միջավայր ստեղծել: Լուրջ փոփոխություն կա այս իմաստով, որը պետք է խորացնենք: Եթե կարողանաք գյումրեցու հացի խնդիրը լուծել, ուրեմն ամեն ինչ շատ լավ կլինի: Պետք է տեր կանգնենք մեր քաղաքացուն:
-Դուք Ձեր ու Ձեր ընտանիքի ապագան տեսնու՞մ եք Գյումրիում:
-Անշուշտ, ես ու իմ որդիները մնալու ու ապրելու ենք այստեղ և, բնականաբար, ցանկացած մարդ ուզում է, որ իր ծննդավայրը լինի այնպիսին, որ իր որդին այդտեղ մեծանա. սա շատ կարևոր է: Դա է պատճառը, որ իմ բիզնեսներից շատերն այստեղ են, որ իմ որդիներն այս քաղաքում մնան: Քաղաք է, բարդ է, բայց պետք չէ միայն վատը մտածել ու հիշել:
-Դժվա՞ր է լինել Գյումրու քաղաքապետ:
-Նախ, քաղաքապետի աշխատանքն է դժվար. ինչքան էլ քաղաքապետն աշխատի, լավը չեն ասի: Ճիշտ է, դժվար ու բարդ մենթալիտետ ունեցող քաղաք է: Սա խտացված Հայաստանն է, որովհետև այստեղ կան կարսեցու, էրզրումցու ու գյումրեցու ժառանգներ, բոլորն իրենց բնավորությամբ: Շատ բարդ է, ինչ ուզում ես ասա՝ ինքն իր կարծիքն ունի ու այդ կարծիքը չի փոխում, բայց, միևնույն ժամանակ, իմաստուն ու միամիտ ժողովուրդ է:
Արմենուհի Մխոյան